03/09/2015 12:00
Ադրբեջանը մեկուսացրել ու փաստացի պատանդ է վերցրել սեփական սահմանամերձ գյուղերի բնակչությանը
Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի գնդացիրներից ու ականանետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանին իրավիճակը բավականին լարված, բայց՝ վերահսկելի է եղել:
«Հակառակորդի կողմից գնդկածվել են սահմանամերձ մի շարք գյուղեր: Կարող եմ ասել, որ հայկական զինված ուժերը կորուստներ չունեն, քաղաքացիական մասով ոչինչ ասել չեմ կարող: Այս պահին իրավիճակն համեմատաբար հանգիստ է»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Տավուշի մարզպետարանից Aysor.am-ը տեղեկացավ, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում կրակոցների հետևանքով տուժել է երկու գյուղացի: Նրանք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ տուժողների վիճակը գնահատվել է բավարար: Բժիշկների խոսքով՝ ստացած վնասվածքները լուրջ չեն:
Այսօր առավոտյան սահմանամեձ մի շարք գյուղերի բնակիչներ հրապարակում են լուսանկարներ, որոնցում երևում են գիշերային կրակոցների հետևանքները:
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հետևյալ լուսանկարները:
Հատկանշական է, որ վերջին երկու օրերին հակառակորդը սկսել է հայկական սահմանամերձ գյուղերի վրա կրակել նաև ականանետերերից:
«Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանը նախօրեին սահմանամերձ Բերքաբեր գյուղում էր: Նրան հաջողվել է լուսանկարել ականանետի կիրառումից հետո մնացած բեկորները:
Նրա խոսքով՝ այս հատվածից ընդամենը 5 մետր հեռավորության վրա բնակելի տուն կա: Այսինքն, հակառակորդը թիրախավորված ականանետ է կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:
Ջորջ Տաբակյանը Բերքաբեր այցելության ընթացքում նաև մի հետաքրքիր դիտարկում է արել, որով կիսվեց Aysor.am-ի հետ:
Ադրբեջանը փաստացի ռազմական գոտի է հայտարարել ու մեկուսացրել է Բերքաբերի դիմաց գտնվող իր սահմանամերձ գյուղերը:
Ամիսներ առաջ Բաքվում նախ որոշեցին, որ լրագրողները կարող են սահմանամերձ գյուղեր մեկնել միայն հատուկ պետական թույլտվության դեպքում, իսկ հիմա փաստացի վերահսկում են բոլոր քաղաքացիների մուտքն ու ելքն այս գյուղեր:
Մասնավորապես, «Սահման» ՀԿ-ի համահիմնադրի խոսքով, ադրբեջանական Մազամ և Ֆարահլի գյուղեր տանող այս միակ ճանապարհի վրա տեղադրվել է պատնեշ, որի մոտ մշտապես հերթապահում են զինվորականներ: Այպիսով տվյալ գյուղեր կարելի է մտնել կամ դուրս գալ այդտեղից միայն այս «անցակետում» թույլտվություն ստանալուց հետո:
Պատճառը, հավանաբար, այն է, որ օրինակ Մազամ գյուղի դեպքում, կա բնակչության մասսայական փախուստի նախադեպ:
Անցյալ տարվա ամառային անհանգստության օրերին, երբ մեր գյուղերի անդադադար գնդակոծումներից հետո ՀՀ Զինված ուժերը հակառակորդին հուժկու պատասխան էին տվել, մազամցիները պարզապես սպիտակ դրոշ էին կախել հայերին երևացող հատվածում ու հեռացել իրենց տներից:
Այս անգամ նման իրավիճակ թույլ չտալու համար, ադրբեջանական իշխանությունները պարզապես որոշել են պատանդ վերցնել սեփական բնակչությանը: