03/09/2015 15:28
Բազմասեր Առաքելյան. Սերժ Սարգսյանը երբեք ոչ մեկին ոչ մի բան չի համոզում
Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը խոստանում է՝ խորհրդարանական նիստերի ժամանակ կարտահայտի իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ առայժմ նախընտրում է լռել: Այս մասին այսօր սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի և անկուսակցական պատգամավորների միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին՝ Սերժ Սարգսյանին հաջողվե՞ց անկախ պատգամավորներին համոզել սահմանադրական բարեփոխումների հարցում՝ Բազմասեր Առաքելյանը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանը երբեք էլ ոչ մեկին ոչ մի բան չի համոզում»:
Ինչ վերաբերում է անձամբ իրեն՝ պատգամավորը դժվարացավ նշել որևէ ուժ, որում տեսնում է իր հետագա գործունեությունը:
Իսկ ԲՀԿ վերադառնալու հավանականությւոնը նա բացառեց.
«ԲՀԿ-ից դուրս եմ եկել, որ նորի՞ց վերադառնամ: Ոչ մի հարցի չեմ ուզում անդրադառնալ: Խոստանում եմ՝ ԱԺ-ում ակտիվ լինել, դուք էլ ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ամփոփեց նա: