03/09/2015 13:48
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերանայել Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կոչ են արել վերանայել ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է՝ տվյալ դատավճիռն արտացոլում է այն ծանր իրավիճակը, որն առկա է Ադրբեջանում՝ մամուլի ազատության տեսանկյունից:
«Դատական գործընթացը վեր հանեց բոլոր հիմնարար հարցերը, որոնք առկա են նաև դատարանի անկախության, մեղադրանքի օրինականության առումներով։ Այդ մասին վկայում են դատավարությանը մասնակցած միջազգային դիտորդները։ Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել Իսմայիլովայի գործը՝ միջազգային բոլոր պարտավորություններին, ներառյալ՝ մամուլի ազատությանը համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան սեպտեմբերի 1-ին դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու և մի շարք այլ մեղադրանքներով։