03/09/2015 18:01
Հովհ. Սահակյան. Ադրբեջանը պատերազմական իրավիճակ է հրահրում, որ ուշադրություն շեղի ներքին խնդիրներից
Խաղաղ բնակչության վրա կրակելն իսկապես անմարդկային արարք է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն՝ ընդգծելով՝ անհասկանալի են Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող այդ գործողությունները:
«Այն պետությունները, որոնք ունեն Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ԵԱՀԿ-ից սկսած մինչև ԱՄՆ դեսպանատւն և մեր դարավոր գործընկեր ՌԴ դեսպանատուն պետք է այս հարցի հետ կապված իրենց հստակ և ճիշտ դիրքորոշումը հայտնեն, որովհետև ունենք վիրավորներ, նաև, դժբախտաբար, կա զոհ»,- ասաց պատգամավորն՝ ավելացնելով.
«Անձամբ ես ակնկալում եմ մեր բոլոր գործընկերների հստակ գնահատականը՝ խոսքը միջազգային հանրության մասին է»:
Ըստ պատգամավորի՝ պատերազմական իրավիճակ հրահրելով Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել իր ներքին լարված իրավիճակից:
«Հենց դա հասկանալով էլ առավել կարևոր է լսել մեր գործընկերների դիրքորոշումը: Ի վերջո, հասկանալի է, թե ինչ լարված վիճակ է Ադրբեջանում, երբ օր օրի նավթի գներն անկում են ապրում, մինչդեռ Ադրբեջանի ամբողջ բյուջեն կառուցված է դրա վրա: Ադրբեջանի, Ալիևի կլանի դեմքը փրկելու միակ տարբերակը պատերազմական կցկտուր գործողություններ հրահրելն է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ Ալիևն էլ շատ լավ հասկանում է՝ պատերազմն առաջին հերթին իր համար է ճակատագրական լինելու.
«Մենք գիտենք, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ընդառաջ, ամեն տարի Արցախի անկախության օրվան ընդառաջ, աշնանային բերքահավաքի կամ գարնանացանին ժամանակ հակառակորդը փորձում է որոշակի տեռորի դիմել: Մենք նախորդ տարիներին ունեցել ենք դեպքեր, երբ բերքահավաքի ժամանակ ցորենի արտեր են այրվել հատուկ զինատեսակների գործադրման պատճառով… Սա անմարդկային արարք է»,- ասաց պատգամավորը:
Նա լիարժեք վստահություն հայտնեց մեր բանակին և սահմանապահ զինվորին.
«Մենք ենք մեր հողի տերը, մենք ենք այն պաշտպանելու ու ադրբեջանցուն իր տեղը ցույց տալու: Այս ամենի հիմնական դերակատարը մենք ենք ու հենց մեր վրա ենք մեր հույսը դնում»,- ասաց Հովհաննես Սահակյանն՝ ավելացնելով.
«ՀՀ Զինված ուժերն իրենց վրա դրված պարտականությունները հստակորեն կատարում են, այլապես կունենայինք լրիվ այլ իրավիճակ: Քանի որ տեսնում ենք՝ Ադրբեջանի համար միջազգային հանրության հանդեպ ոչ պարտավորություններ գոյություն ունեն, ոչ միջազգային նորմեր, ոչ էլ՝ մարդկային օրենքներ»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը: