03/09/2015 14:45
Մելիտա Հակոբյան. Մարզերում մարդիկ միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում
Ամռան ամիսներին մարզերում սննդի ոլորտում մոնիթորինգ է անցկացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով, որ մոնիթորինգի արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն:
«Մարզերի վիճակը մեր գնահատմամբ մեղմ ասած՝ հուսադրող չէ, վատ է: Կա սպառողի դեֆիցիտ: Այսինքն՝ սպառող չկա, որ գնա նորմալ առևտուր անի»,- ասաց նա՝ շեշտելով, որ մարզերում բնակչության հիմնական մասն այսօր գնում է միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ մյուս ապրանքները ձեռք է բերում ապառիկով:
Մելիտա Հակոբյանի խոսքով՝ մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ համեմատաբար աշխույժ առևտուր գրանցվել է Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Հանքավանում, Աղվերանում: Այսինքն այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային գոտիներ:
«Այդ քաղաքներում է, որ համեմատաբար շարժ կար»,- ամփոփեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը: