03/09/2015 11:04
Մինսկի խումբը պիտի հստակ գնահատական տա Ադրբեջանի սանձարձակ քայլերին
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պասիվ արձագանքի արդյունք է: Այս մասին ես քանիցս եմ ասել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը.
«Եթե հավասարության նշան է դրվում կողմերի միջև՝ իբր դիվանագիտական պարիտետը չխախտելու համար, եթե ուղղակիորեն անտեսվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին խայտառակ հայտարարությունները և բաց տեքստով արվող պատերազմի սպառնալիքները, ապա հետևանքը, բնականաբար, ահա այսպիսի միջադեպերն են լինելու»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ այս ամենն արժանի հակահարված է ստանում ու ստանալու է:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այսօր ԲՀԿ խմբակցությունում քննարկելու են սահմանային իրավիճակն ու դիմելու են Պաշտպանության նախարարությանը: Եթե անհրաժեշտություն լինի, որ պատգամավորները այս պահին լինեն սահմանամերձ գյուղերում, բնակիչների հետ՝ մենք անպայմանորեն կմեկնենք սահմանամերձ շրջաններ.
«Բայց մեկ բան հստակ է՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը արագորեն ու հստակ պիտի իր գնահատականը տա Ադրբեջանի սանձարձակ քայլերին ու գործողություններին, Ադրբեջանի նախագահի ու քաղաքական էլիտայի պատերազմի ուղղակի կոչերին և նմանօրինակ քայլերին»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ հակառակորդը երեկ ևս ակտիվ կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, իրավիճակը ողջ գիշեր շատ լարված է եղել:
Aysor.am-ի տեղեկություններով՝ այս պահին փակ է դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը: