03/09/2015 17:46
ԱՆ. Պտղի սեռի մասին հայտնելը չի արգելվել
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգեր է ստանում, որ առանձին պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հրաժարվում են հղիներին հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Այդ մասին գրել էր նաև մամուլը: Ըստ այդ հրապարակումների՝ որոշ տեղերում հղիներին ասում են, որ 6000 դրամ պետական վճարում կատարելու դեպքում բժիշկներն իրավունք կունենան հայտնել ապագա երեխայի սեռը։
Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները հղիության արհեստական, այդ թվում` սեռով պայմանավորված վիժումները նվազեցնելու նպատակ են հետապնդում։ Նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ Տեղեկացնում ենք, որ դեռևս ԱԺ-ում չքննարկված, հետևաբար և օրենքի ուժ չստացած նախագծում պտղի սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու դրույթ չկա։ ԱԺ ներկայացված նախագծով արգելվում է 12 շաբաթական ժամկետը գերազանցող հղիության ընդհատումը։ Տվյալ դրույթը խախտելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվել է վարչական պատասխանատվություն։
Մյուս փոփոխության համաձայն՝ ցանկացած հղիության ընդհատման դեպքում կնոջը պետք է երեք օր ժամանակ տրվի՝ իր որոշման մասին խորհելու համար: Այդ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգները պետք է հոգեբանական աշխատանք տանեն հղիի և նրա ընտանիքի հետ` հղիությունը պահպանելու ուղղությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում և բուժհիմնարկներում նման երևույթները կանխելու ուղղությամբ։
Միաժամանակ հորդորում ենք այլ ենթակայության, ինչպես նաև մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներին` հղիության վարման ընթացքում բացառել գումարներ պահանջելու դեպքերը։ Իսկ հղիներին առաջարկում ենք տեր կանգնել իրենց իրավունքին և նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով»,- ասված է ԱՆ հայտարարության մեջ: