03/09/2015 17:05
Տավուշից քաղաքացիների տարհանման մասին լուրերը «Շանթ-2015» զորավարժությունների սցենարի մաս են
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե Տավուշի մարզում ստեղծված սահմանային լարված իրավիճակի պատճառով որոշ գյուղերից բնակիչներ են տարհանում:
«Այս լուրերն անցկացվող զորավարժությունների սցենարի մի մասն են: Տավուշի մարզում՝ զորավարժությունների շրջանակներում ստեղծվել է ուսումնական կենտրոն, որտեղ մի քանի հարյուր մահճակալ է տեղադրվել: Մենք փորձում ենք պարզել, թե անհրաժեշտության դեպքում ինչպես է իրականացվելու բնակիչների տարհանումը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ սա արվում է զորավարժությունների սցենարի համաձայն: