04/09/2015 20:45
Ադրբեջանական անհանդուրժողականությունը միջազգային հանրության «կոկորդին է կանգնել»
Բաքվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների և իրավապաշտպաններին հնարավոր տարբերակներով լռեցնելու քաղաքականությունը վաղուց արդեն հայտնի ճշմարտություն է աշխարհի համար:
Լրագրող Խադիջա Իսմայիլովայի 7.5 տարվա ազատազրկման դատապարտումը հերթական անհանգստության տեղիք տվեց։ Տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վստահ են, որ Իսմայիլովայի դեմ քրեական մեղադրանքները մտացածին են և կապված են երկրի բարձրագույն իշխանությունների մակարդակով կոռուպցիոն սկանդալների հետաքննության դեպքերի հետ։
Միջազգային հանրության արձագանքը կայծակնային եղավ:
ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող կտտանքները:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը նույնպես քննադատել է Իսմայիլովայի ազատազրկումը՝ հարցականի տակ դնելով դատավարության ողջ ընթացքը:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին խստիվս դատապարտել է Իսմայլովայի ազատազրկումը՝ իր աշխատանքը խիզախորեն կատարելու պատճառով:
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին և ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել լրագրող Խադիջա Իսմաիլովայի հանդեպ կիրառված դատավարության գործը:
Human Rights Watch իրավախաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Իսմայիլովային՝ քննադատելով ադրբեջանական դատարանի կայացրած որոշումը և հավելելով, որ իշխանությունները ճնշում են գործադրել գործընթացի վրա՝ մերժելով պաշտպանության գրեթե բոլոր միջնորդությունները: Կազմակերպությունը նաև առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից` իրավապաշտպանների շարունակական ազատազրկումների պատճառով:
Ուշագրավ է, որ չնայած Ադրբեջանի հետ նավթային ու տնտեսական սերտ համագործակցությանը, ԱՄՆ-ն ևս չկարողացավ աչքաթող անել Իսմայլովայի ազատազրկումը:ն ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ խորապես անհանգստացած են ադրբեջանական դատարանի կայացրած վճռից: Պետդեպը կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային:
Համանման պահանջ-հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը: Հանձնաժողովի ղեկավար հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Իսմայլովան ազատությունից զրկվել է՝ Ադրբեջանի կառավարության կոռումպացվածությունը բացահայտելու փորձի պատճառով։
Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս մտահոգված է Իսմայիլովայի ազատազրկմամբ։ Նա հայտնել է, որ Մեծ Բրիտանիան օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի բարձրացնի Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի հարցը:
Վերոհիշյալ հիշատակումներից ակնհայտ է դառնում, որ միջազգային հանրության կոկորդին է հասել Ադրբեջանի անհանդուրժողական պահվածքը: Վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր իրականացնի իր բռնատիրական վարչակազմով ղեկավարվող ու անհարդողականությանմբ փայլող Ադրբեջանի նկատմանբ: