04/09/2015 13:19
Արծրուն Հովհաննիսյան. Տանկերի կամ զորքի մեծ տեղաշարժ մենք չենք իրականացրել
Տանկեր տեղափոխելու կամ զորքերի մեծ տեղաշարժերի մասին լուրերին խնդրում եմ չհավատալ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զորավարժությունների սցենարի համաձայն եղել են միայն զինվորականների ոչ նշանակալի տեղաշարժեր:
«Դա արվել է այն նպատակով, որ առաջիկա օրերին ցուցադրվի զորքերի փոքր թվի տեղահանման ուսումնական օրինակ»,- բացատրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին Հայաստանում անցկացվող զորավարժությունները չշփոթել սահմանային լարվածության հետ: Նա վստեհեցրեց՝ այսուհետ բոլոր գործողություններն, այդ թվում՝ զորքի տեղաշարժը կապված է միայն ու միայն զորավարժության հետ:
«Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին՝ այն լիովին վերահսկելի է: Գյուղացիներն էլ արդեն զբաղված են իրենց առօրյայով»,- ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը: