04/09/2015 10:59
«Պանտերայի»՝ ծեծի ենթարկված աշխատակիցը շատ ծանր հոգեվիճակում է
«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է անցած շաբաթ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին՝ նշելով, որ այս շաբաթվա սկզբին Խոցանյանը, որ շարունակում է գտնվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվել է:
Խոցանյանին վիրահատող բժիշկ Աննա Պողոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ վիրահատվել է Խոցանյանի քիթն ու ակնակապիճի հատակները։ Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և բժիշկը նրա վիճակը գնահատում է միջին ծանրության:
«Նրա հոգեվիճակը շատ վատ է։ Հոգեբույժ է գալիս՝ նրա հետ աշխատում։ Մինչև վիճակը չկարգավորվի հնարավոր չէ նրան հարցաքննել»,-ասել է բժիշկը:
Թերթը հիշեցրել է, որ ծեծից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն, ինքնախոստովանական բացատրություն տվել և ազատ արձակվել։