04/09/2015 19:23
Տնտեսական աճը խառնել է խաղաքարտերը
Շատերն էին սպասում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ չի լինի։ Բայց առաջին կիսամյակի արդյունքները ցույց տվեցին, որ նրանք սխալվել են իրենց կանխատեսումներում, թեև հակված չեն այն ընդունել։ Ուստի սկսել են թերահավատորեն նայել տնտեսական աճի ցուցանիշներին, երբեմն իրենց դնելով վատ վիճակում։
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում տնտեսական աճն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության և արդյունաբերության առանձին ճյուղերի հաշվին։ Փոխարենը նույն վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այդ և բազմաթիվ այլ ոլորտներում անկումային իրավիճակ է։ Այդ թվում՝ նվազել են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Սակայն դա հիմք ընդունել և ասել, որ այդ պայմաններում չի կարող տնտեսական աճ լինել` պարզապես միամտություն է։
Անշուշտ, ներդրումները կարևոր գործոն են տնտեսական գործընթացների համար։ Բայց այնպես չէ, որ դրանց արդյունքներն անմիջապես արտահայտվում են տնտեսական ցուցանիշների վրա։ Բերենք մեկ օրինակ. Թեղուտի հանքավայրում տարիներ շարունակ իրականացված մեծածավալ ներդրումների ազդեցությունը միայն այս տարի արտահայտվեց տնտեսական աճի ցուցանիշների մեջ:
Մյուս կողմից՝ այդ երկու ոլորտների միջև կապը տեսնելու համար անհրաժեշտ է ուղղակի ուսումնասիրել ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ ներդրումների կառուցվածքը։
Տնտեսական աճի պայմաններում, անշուշտ, առաջին հայացքից անտրամաբանական է թվում պետական բյուջեի եկամուտների ոչ համարժեք ավելացումը։ Ինչպես հայտնի է, տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, բյուջեի մուտքերն ավելացել են 0,8 տոկոսով։
Այս անհամապատասխանության պատճառը պետք է փնտրել ոչ թե տնտեսական աճի, այլ` բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրների մեջ։ Տնտեսական աճի հիմնական գործոնը եղել է գյուղատնտեսությունը։ Դա տնտեսության այն ոլորտն է, որը հիմնականում ազատված է հարկերից։ Թերևս այստեղից էլ առաջանում է այն շեղումը, որն առկա է բյուջեի եկամուտների և տնտեսական աճի ցուցանիշների միջև։
Այն, որ տնտեսական աճը համարժեք չի արտահայտվել հասարակության սոցիալական վիճակի վրա, ևս բնական է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակության եկամուտները մեծ կախվածություն ունեն արտաքին ֆինանսական հոսքերից։ Դրանք կազմում են ՀՆԱ ընդհուպ մինչև 20-25 տոկոսը։ Այս պայմաններում դրանց 30-35 տոկոս նվազումը չի կարող ազդեցություն չունենալ բնակչության կենսամակարդակի վրա։ Տնտեսական աճի և տրանսֆերտների նվազման տարբերությունը բոլորվին էլ համարժեք չէ։
Այնպես որ՝ կասկածի տակ դնել տնտեսական աճի ցուցանիշները և հաշվի չառնել այս ամենը, նշանակում է միտումնավոր խեղաթյուրել պատկերը։