04/09/2015 16:06
Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով մեկ զոհ և ավերածություններ կան. Լուսանկարներ
Այսօր առավոտյան ժամը 9.49-ի սահմաններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Այս մասին հայտնում են ադրբեջական լրատվամիջոցները: Երկրաժաշրժի եպիկենտրոնը եղել է Շեկի քաղաքում՝ 7-8 բալ ուժգնությամբ, այն զգացվել է նաև Արցախում՝ 4 բալ ուժգնությամբ և Հայաստանի մի շարք տարածքներում:
Հայտնի է, որ ցնցումների ժամանակ ջրհորն է ընկել ու մահացել 28-ամյա մի կին:
Օգուզի շրջանի արտակարգ իրավիճակների տարածքային խորհրդի նախագահ Էտիբար Յուսուֆովը հայտնել է, որ նախանական տեղեկատվության համաձայն ՝ մի շարք գյուղերի շինությունների վրա առկա են մեծ և փոքր ճեղքեր:
Շեկիի գործադիր իշխանության մարմինները ևս հայտնել են, որ հին շենքերի վրա մեծ ճեղքեր են առաջացել: Այժմ տեղում աշխատում են փրկարարները:
Համացանցում տարածվում են խարխլված տների լուսանկարներ և մի շարք բնակիչների ահազանգեր՝ ավերածությունների վերաբերյալ:
Նշենք, որ Ագդաշի շրջանում երկրաշարժի ժամանակ երկու տեղի բնակիչներ՝ 1986թ. և 1953 թ. ծնված կանայք վախից ցած են նետվել պատուհանից և հոսպիտալացվել են գանգուղեղային ծանր վնասվածքներով:
Քաղաքային հիվանդանոցներում ավելացել է քաղաքացիների թիվը, ովքեր գանգատներ ունեն ճնշման տատանումների, վախի և սթրեսի հետ կապված:
Երկրաշարժը լուրջ վնասներ է հասցրել Սարիջա գյուղում, որտեղ անջատվել է բջջային կապը, որոշ տներում ոչ միայն մեծ ճեղքեր են գոյացել, այլև ամբողջական պատեր են փլուզվել: Գյուղի բնակիչները խուճապի մեջ են, քանի որ տեղեկություններ են ստացել, որ հարևոն գյուղերում էլ լուրջ վնասներ կան, սակայն չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ:
Մարդիկ նախընտրում են չվերադառնալ իրենց տներ:
Նոր վնասների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է: