04/09/2015 16:16
Մովսես Հակոբյան. Իրավիճակը լարված է, բայց ռազմական դրություն հայտարարելու համար սա բավարար չէ
Սահմանին լարվածությունը պահպանվում է, բայց դա դեռ բավարար չէ ռազմական դրություն հայտարարելու համար: Այս մասին այսօր «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարում հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում աճում է լարվածության աստիճանը, սակայն հայկական սոտրաբաժանումները կարողանում են արժանի հակահարված տալ և սաստել հակառակորդին:
«Մեր Զինված ուժերն ամեն ժամ և ամեն օր պատրաստ են ցուցադրել իրենց մարտունակությունը և, անհրաժեշտության դեպքում, մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Տավուշի մարզում հակառակորդի կրակից խաղաղ բնակիչների վիրավորման դեպքերին՝ ԳՇ պետի տեղակալն ասաց.
«Մեզ համար չպետք է զարմանալի լինի, որ հակառակորդը զենք է կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ, քանի որ անցյալում էլ է այդպես եղել: Հակառակորդը չի կարողանում հաղթել մեր զինված ուժերին և չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասաց նա՝ ընդգծելով՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի քաղաքացիականների շրջանում զոհերից:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը չբացառեց նաև, որ այս ամիս կլինի նախորդ տարվա օգոստոսի սահմանային դեպքերի կրկնությունը:
Ինչ վերաբերում է ընթացքղ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների, Մովսես Հակոբյանի խոսքով տարբեր սցենարներ են մշակվել:
Դրանցից մեկով խաղարկվում է նաև ԱԳՆ գործունեությունը, որով պարզ կդառնան, թե ինչ միջոցառումների պետք է դիմի ԱԳՆ-ն, որպեսզի նվազեցնի լարվածությունը։
«Արտգործնախարարության առջև, ըստ սցենարի, դրված է նաև հետևյալ խնդիրը՝ ի՞նչ անել, եթե ՀԱՊԿ գործընկերը (ոչ Ռուսաստանը) չկատարի իր պարտականությունները»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:
Ըստ Հակոբյանի` «Շանթ 2015» զորավարժությունների ընթացքում հակառակորդի ակտիվությունն ընդամենը զուգադիպություն է:
Նա ընդգծեց՝ այս զորավարժությունները պլանավորվել էին դեռևս 2014 թվականի նոյեմբերին: