04/09/2015 18:26
Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից վիրավորված սարկավագին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արևելեան հատվածի զորամասերից մէկի ուղղութեամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասուածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանին` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցութեամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափոյթ ապաքինում մաղթելով նրան:
Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտել է, որ Հայ Եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:
Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգևորականների առաքելութեանը` Նորին Սրբությունը նշել է նաև, որ մեծ մխիթարություն է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու հոգևորականներն, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում` սպասավորելով հայ զինովորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին և նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի և մահվան սահմանագծում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ ողջունել է Հովհաննես սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը՝ Հայոց բանակին և Հայրենիքին:
Նշենք, որ ներկայում Հայոց բանակի հոգևոր առաջնորդության կազմում, ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ: