04/09/2015 15:50
Միքայել Մելքումյան. Հիմա ի՞նչ, վարչապետի ինստուտը մենաշնորհ չի՞ ունենա
Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթը, քանի որ սահմանափակվում է նախագահի ինստիտուտի կողմից: Սահմանադրության նոր նախագծով այն ազատագրվու՞մ է, թե՞ այլ ինստիտուտով է սահմանափակվում: Այս հարցը ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ ոչ իշխանական ուժերի մոտ մտահոգություն կա, թե նոր Սահմանադրության նախագիծը քաղաքական մենաշնորհի տեղ է թողնում.
«Հիմա ի՞նչ, վարչապետի ինստուտը նույն մենաշնորհը չի՞ ունենա»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:
Արձագանքելով հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ընդգծեց՝ բոլոր դրույթները, թերևս, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում՝ նախագահը զուտ հետևոելու է խաղի կանոնների պահպանմանը.
«Եթե Կառավարության իրավական ակտերը հակասում են Սահմանադրությանը, ապա նախագահը կարող է չստորագրել դրանք ու դիմել Սահմանադրական դատարան: Այդ ընթացքում ԱԺ-ն չի կարող վավերացնել տվյալ օրենքը: Ինչ վերաբերում է մենաշնորհին, ապա վարչապետն ամիսը 2 անգամ պետք է գա Ազգային Ժողով և ներկայացնի, թե ինչու՞ է որդեգրել այս կամ այն քաղաքականությունը»,- բացատրեց Վարդան Պողոսյանը՝ ավելացնելով՝ վարչապետը կարող է փոխվել, եթե ԱԺ-ն համաձայն չլինի նրա կողմից տարվող քաղաքականության հետ ու կոնսենսուս տեղի չունենա: