04/09/2015 14:08
ԲՀԿ-ն կիսում է Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունը՝ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ
ԲՀԿ-ն կիսում է Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունները` կապված ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի սկզբունքի հետ: Այս մասին ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով , որ կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկել է նախագիծը և պատրաստվում է բազմաթիվ առաջարկություններ ներկայացնել:
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ արդյոք չե՞ն պատրաստվում այդ հոդվածը հանել Սահմանադրության նախագծից:
Պատասխանելով հարցին ԲՀԿ ղեկավարին՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, լսումներում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը նշեց.
«Վենետիկի հանձնաժողովի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, ըստ որի, եթե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, ապա Ընտրական օրենսգիրքը կարող է նախատեսել ընտրությունների երկրորդ փուլ: Իսկ «կարող է» բառը չի նշանակում, որ պարտադիր պետք է նախատեսի»:
Ըստ Վ.Պողոսյանի՝ Վենետիկի հանձնաժողովի հետ, ճիշտ է, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Սահմանադրության փոփոխված տեքստը չենք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ քննարկումներն ընթանում են:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ունեցել է խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու դրույթ, բայց սահմանին տիրող իրավիճակի պայմանում որքանո՞վ է նպատակահարմար անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին:
Վ.Պողոսյանն ի պատասխան ասաց՝ ունենք մի իրավիճակ, որը թույլ չի տալիս երկրին միասնական դիմագրավել արտաքին ազդակներին.
«Նախագահն ունի պարտավորություններ, բայց չունի լիազորություններ այդ պարտավորությունները կատարելու համար: Իսկ խորհրդարանական համակարգը թույլ չի տալու, որ պարտավորություններն ու լիազորությունները տարբեր հարթակներում գտնվեն: Այն թույլ է տալու միասնական դիմագրավել արտաքին ազդակներին»,- բացատրեց Վ.Պողոսյանը: