04/09/2015 14:57
Խորհրդարանական լսումները շարունակվում են. Էդուարդ Շարմազանովին մերժեցին
Շատ կարևոր է, որ մենք մեր Սահմանադրության մեջ ամրագրել ենք Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ իրավունքը: Միաժամանակ դրական ենք համարում, որ ամրագրված են նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Այս մասին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Օրինակ, Հունաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ Արևելյան ուղղափառ օրտոդոքս եկեղեցին ունի գերիշխող իրավունք, այսինքն պետական կրոնը դա է: 1700-ամյա քրիստոնյա պետության համար ի՞նչ խնդիր կա»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց՝ վերջերս, չգիտես ինչու, վախենում ենք աղանդներից խոսել, բայց մենք ազգային պետություն ենք, ընդունում ենք մեզ մոտ ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները.
«Միևնույն ժամանակ պետք է ամրագրենք, որ մեր պետական, գերիշխող կրոնը Առաքելական Սուրբ եկեղեցին է»,- ասաց նա:
Արձագանքելով այս դիտարկմանը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, լսումներում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն ասաց, որ և′ գործող Սահմանադրությունը, և′ առաջարկված նախագիծը համապարփակ ձևով լուծել են այս հիմնախնդիրը, այսինքն՝ և′ գործող Սահմանադրությունը, և′ նոր նախագիծը ճանաչում են Հայ Առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի.
«Միևնույն ժամանակ իմ կարծիքով ամրագրել եկեղեցու գերիշխող դիրքը իրավաբանական առումով՝ ճիշտ չի լինի: Դա կնշանակի, որ մենք նահանջում ենք իրավահավասարության սկզբունքից և նաև համահունչ չի լինի Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիային»,-ասաց նա: