04/09/2015 12:14
«Շանթ 2015» զորավարժություններ. Ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ
«Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ընդգծել է, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այս հարցին:
«Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղահանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,- ավելացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: