04/09/2015 13:05
Պողոսյանը՝ Զուրաբյանին. Հանցավոր, խաբեբա էպիտետները կարող ենք նաև ձեզ ու ՀԱԿ-ին հասցեավորել
Թեև ՀԱԿ-ը հրաժարվել էր Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում հանդիպել ՀՀ նախագահի հետ և հայտարարել , որ իրենք դեմ են փոփոխություններին, այդուհանդերձ ԱԺ-ում այս պահին ընթացող խորհրդարանական լսումներին ՀԱԿ-ը մասնակցում է:
Ավելին՝ համանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դրանց ընթացքում հարցադրում հնչեցրեց՝ միևնույն ժամանակ չհապաղելով երկրի գլխավոր ամբիոններից մեկն օգտագործել իշխանությունների հասցեին մեղադրանք հնչեցնելու համար:
Նա նախ հայտարարեց, որ ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի կամ նրա ներկայացուցիչների հետ հանդիպելու առաջարկը, որովհետև իրենք ոչ իրար համոզելու բան չունեն.
«Բայց մի առեղծվածի մասին բացատրություն տվեք, քանի որ, կարծում եմ, այստեղ խոսքն ինչ-որ խաբեբայության ու կեղծիքի մասին է»,- ասաց նա՝ հետաքրքրվելով.
«Ինչու՞ է Վենետիկի հանձնաժողովը համոզված, որ նոր Սահմանադրությամբ նախագահն է վարչապետի թեկնածությունն առաջադրելու, գուցե կարդալ չգիտե՞ն, թե՞ խաբեբայությամբ եք զբաղված ու Վենետիկի հանձնաժողովին կեղծ թարգմանություն եք ներկայացրել: Ինչու՞ է հանձնաժողովն իր եզրակացության մեջ այդպես գրել»,- հետաքրքրվեց Լ.Զուրաբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հավանաբար «հանցավոր իշխանությունների կողմից» հանձնաժողովին կեղծ թարգմանություն է ներկայացվել:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, խորհրդարանական լսումներում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն ի պատասխան նախ խնդրեց էպիտետներ չօգտագործել՝ հանցավոր, խաբեբա և այլն.
«Դանք կարող են նաև ձեզ ու ձեր խմբակցությանը հասցեավորվել»,- ասաց նա՝ հորդորելով Լևոն Զուրաբյանին որ ընդամենը պետք էր ուշադիր կարդալ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթուղթը.
«Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածության առաջադրման դրույթին, ապա այդ առումով մենք չենք շեղվել պառլամենտական որևէ երկրի տրամաբանությունից: Մենք նախատեսել ենք, որ ԱԺ նախագահը խորհրդակցություններ է անցկացնում խորհրդարանում ներկայացված ուժերի հետ՝ ճշտելու՝ կա՞, այնպիսի թեկնածու, որը վայելում է բոլորի վստահությունը: Եվ այդ դեպքում ԱԺ նախագահը պարտավոր է առաջադրել այդ թեկնածունին: Միևնույն ժամանակ ԱԺ-ում կարող են լինել տարբեր կարծիքներ և ԱԺ նախագահի կողմից ներկայացված թեկնածուն չվայելի եծամասնության վստահությունը: Այդ դեպքում արդեն թեկնածուին առաջադրել ու իրավունքը անցնում է խմբակցություններին: Դրանից հետո ԱԺ-ում տեղի է ունենում ընտրություն և եթե դարձյալ որևէ թեկանծու չի ստանում պատգամավորների թվի մեծամասնության աջակցությունը, ապա օրենքի ուժով՝ այդ խորհրդարանը լուծարվում է»,- բացատրեց Վ.Պողոսյանը: