04/09/2015 12:01
Սահմանամերձ գյուղերում այս պահին համեմատաբար խաղաղ է
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք հակառակորդը երեկ երեկոյան կրկին ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է ինչպես հրաձգային, այնպես էլ՝ հրետանային զինատեսակներ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է 4 մարդ, որոնցից 3-ը գյուղացիներ են, իսկ մյուսը՝ Ներքին Կարմիրաղբյուրից պայմանագրային Գարիկ Լալայանն է:
Լալայանին առաջին օգնությունն են ցուցաբերել Բերդի զինհոսպիտալում, որից հետո տեղափոխել են Երևան:
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Տեր Բագրատ Գալստանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ գյուղերում կրակը դադարել է կեսգիշերի.
«Իրավիճակը վերահսկվում է հայ դիրքապահների կողմից»,- գրել է նա:
Նշենք, որ կրակոցների հետևանքով գյուղերը կրել են նաև նյութական վնասներներ, որոնք այս պահին հաշվարկվում են: Տավուշի մարզպետարանից խոստացել են, որ բոլոր նյութական վնասները կփոխհատուցվեն:
Սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ առավոտը գյուղերում համեմատաբար խաղաղ է:
Տեղում խուճապ չկա: Մեզ հետ խոսելու պահին էլ նա գտնվում էր համայնքի մանկապարտեզում, որն աշխատում է բնականոն ռեժիմով: