04/09/2015 19:51
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ալյանսը» քաղաքական դաշտի բացառություննե՞րն են
Քաղաքական դաշտում, փաստորեն, էլ չմնաց քիչ թե շատ նշանակություն ունեցող որևէ ուժ կամ անհատ, որին չհրավիրեցին ՀՀ Նախագահի նստավայր՝ Սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման գործընթացի շրջանակում: Բացառություն են կազմում միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունները:
Aysor.am-ն հետաքրքրվեց այդ ուժերից՝ հրավեր ստացե՞լ են նրանք ու եթե առաջիկայում ստանան, ապա ինչպե՞ս կարձագանքեն:
«Ալյանսի» մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանը տարօրինակ պատասխան տվեց.
«Հրավիրող-չհրավիրողը նախագահականն է, ճիշտ կլինի իրենց հարցնեք՝ հրավիրե՞լ են, թե՞ ոչ: Փաստն այն է, որ հանդիպում չի եղել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Հայտնի է, որ կուսակցություն ներկայացուցիչները երեկվանից Տավուշի սահմանամերձ գոտում են:
Թերևս պատասխանը լիներ նույնը՝ հրավեր չեն ստացել: Ամեն դեպքում երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հենց այս պատասխանն էր տվել հարցին ու նշել՝ եթե անգամ հրավերը լինի՝ իրենք այն չեն ընդունի: