05/09/2015 16:20
Հենրիխ Մխիթարյան. Ընտրական այս փուլում դժվար է հավաքականից շատ բան պահանջելը
Չենք կարողանում անել այն, ինչ անում էինք 2-3 տարի առաջ: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղի ժամանակ անել ամեն ինչ՝ արդյունքի հասնելու համար, պարզապես չի ստացվում: Այս մասին armsport.am-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան (2:0) հանդիպումից հետո ասել է Հենրիխ Մխիթարյանը.
«Ընտրական այս փուլում դժվար է հավաքականից շատ բան պահանջելը, որովհետև երևի թե հաջողությունը մեր կողմը չէ: Կարողացանք այսքանն անել»,- ասել է նա: Հանդիպման մասով նա ասել է, որ պետք է հետևություններ անեն, քանի որ առանց դրա սխալները չեն կարող շտկել.
«Ֆուտբոլն այնպիսին է, որ սխալների դեպքում միշտ պատժվում ես: Հնարավոր է՝ նաև ֆուտբոլիստների փորձի պակասն է դեր խաղում... ամեն դեպքում, միշտ պետք է ուշադիր լինենք»:
Հ.Մխիթարյանի խոսքով՝ հոգեբանական խնդիր չկա, ֆուտբոլում մանրունքները մեծ խնդիր են առաջացնում: Պետք է հենց իրենք այդ վիճակից դուրս գան և հույս է հայտնել, որ դա շուտ տեղի կունենա.
«Ինչքան շուտ դա անենք, այդքան լավ: Կփորձենք առաջիկա 2 օրերին հնարավորինս արագ վերականգնվել, որպեսզի պատրաստ լինենք Դանիայի դեմ խաղին»,- ավելացրել է ֆուտբոլիստը: