05/09/2015 16:06
Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, մնացածը՝ «ֆիգնյա»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մամուլում առկա այն տեղեկատվությանը, թե ինքն ու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը պայքարում են ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում Արփինե Հովհաննիսյանի տեղը զբաղեցնելու համար: Պատգամավորն այս կապակցությամբ հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ ես, իբր, պայքարում եմ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ դառնալու համար: Չէի անդրադառնա այս հարցին, եթե վստահ լինեի, որ մեր լրատվամիջոցները ամբողջովին գտնվում են պրոֆեսիոնալիզմի դաշտում և իրենց պատվի գործն են համարում կեղծ և պատվիրված լուրեր չտարածելը: Ցավոք, որոշ դեպքերում այդպես չէ, ապացույցը այն է, որ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներ այս կեղծիքն արդեն շտապել են տիրաժավորել։ Նաև՝ տառապանքս փորձ ունի, մի ժամանակ էլ փորձեցին այլ պայքար վերագրել ինձ, որը ևս ժամանակը ցույց տվեց, որ ախմախ հորինվածք էր։
Ուրեմն ասեմ. Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը գնահատում է... Մնացածը, ինչպես կասեր իմ սիրելի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ «ֆիգնյա», իսկ տվյալ լուրիկը գրողին ուզում եմ ասել, եթե ցանկություն է ունեցել իր բոյից ավելի երկար սուտ գրել, իրեն հաջողվել է: Դե իսկ տվյալ լրագրողի հետևում կանգնած կեղտոտ ականջների մասին ավելի լավ է չասեմ:
Սիրելի լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ, խնդրում եմ՝ խայծը կուլ չտալ, բաց և հրապարակային ասում եմ՝ ես ոչ մի պայքար չեմ մղում և չեմ էլ պատրաստվում հետագայում:
Սա իմ հրապարակային պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան իմանալ իմ պատասխանը»: