05/09/2015 12:36
Նաիրա Զոհրաբյանը՝ Բերքաբերից. Լարված է, բայց գյուղացիների «դուխը» տեղն է
Aysor.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ական պատգամավորները՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ մեկնել են Տավուշի սահմանամերձ՝ Սևքար, Բաղանիս, Բերքաբեր և այլ գյուղեր, որոնք քանի օր է գնդակոծվում ու հրեատակոծվում են հակառակորդի կողմից:
Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քիչ առաջ Սևքարից ժամանել են Ադրբեջանի հետ սահմանային Բերքաբեր գյուղ. ճանապարհը բավականին բարդ էր, քանի որ անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում:
Մասնավորապես, պատգամավորներին հորդորել են խուսափել Բերքաբեր այցելությունից, քանի որ ճանապարհը անմիջապես թշնամու թիրախի տակ է: Զգուշացրել են նաև, որ մեքենաները իրարից առնվազն 200 մետր հեռավորությամբ շարժվեն, որպեսզի կրակահերթերի թիրախ չդառնան, պատուհանները լինեն փակ: Բարեբախտաբար, պատգամավորներն առանց միջադեպերի հասել են Բերքաբեր, եղել են այն տներում, որոնք այս օրերին ամենից շատն են տուժել, տեսել են ավիրվածությունները.
«Այս պահին գյուղի կենտրոնում հավաքված են գյուղապետն ու մի քանի բնակիչներ: Կանայք ու երեխաները տներից խուսափում են դուրս գալ, որովհետև նոր գնդակոծության վտանգը մեծ է: Նույն վիճակն էր նաև Սևքարում: Ամենակարևորը՝ գյուղացիների «դուխը» տեղն է, ոչ մի խուճապ չկա, բոլորն էլ վստահ կանգնած են»,- ասաց ԲՀԿ-ական գործիչը՝ նշելով, որ բնակիչները բացի օրակարգային այս խնդրից՝ պատգամավորների հետ զրույցում նաև այլ խնդիրներ են բարձրացրել:
«Սկսած գյուղացիական վարկերից՝ 24 տոկոս վարկը դա ուղղակի խայտառակություն է, թալան է: Ինչպե՞ս կարելի է սահմանին կանգնած գյուղացուն այդ օրը գցել: Այդ հարցը ԲՀԿ-ն անպայման կբարձրացնի: Բացի այս, խնդրեցինք Առողջապահության նախարարին, որպեսզի մի խումբ բժիշկներ այցելեն սահմանամերձ այս գյուղեր, քանի որ բնակչությունն իսկապես աջակցության կարիք ունի: Նախ, երեխաները հոգեբանական լուրջ ապրումների մեջ են, գոնե հոգեբաններ այցելեն՝ երեխաների հետ աշխատելու: Պետք է անվճար մի շարք առողջապահական ակցիաներ կազմակերպվեն գյուղերի բնակիչների համար՝ ակնաբույժների, էնդոկրինոլոգների, գինեկոլոգների և այլն, քանի որ այս մարդիկ հնարավորություն չունեն թեկուզ Իջևանի բժշկական կենտրոններում բուժվելու: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ սահմանամերձ գյուղեր բժիշկների խումբ այցելի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևան վերադառնալուն պես ԲՀԿ-ն զբաղվելու է բարձրացված բոլոր հարցերով:
ԲՀԿ ղեկավարը ներկայացրեց նաև մեկ այլ խնդիր, որը հուզում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին.
«Գյուղացիները ասացին, որ սահման են պահում, բայց իրենց բոլորի տներից զենքը հավաքել են: Հարկավոր է ինչ-որ լուծում տալ այս խնդրին ևս… ես հասկանում եմ, սա բավականին բարդ ու լուրջ խնդիր է, բայց մարդիկ ասում են, որ իրենց երեխաներին պաշտպանելու համար միջոց չունեն: Լուծում է պետք տալ այս հարցին»:
Նշենք, որ Բերքաբերում պատգամավորները եղել են նաև ապաստարանում, որի կառուցումը ավարտական փուլում է և որտեղ գյուղացիները արդեն քիչ թե շատ պատսպարված կլինեն թշնամու կրակահերթերի ժամանակ:
Այս պահին ԲՀԿ-ական պատգամավորների շարասյունը Բերքաբերից ուղևորվում է դեպի Բաղանիս գյուղ: