05/09/2015 16:44
Փախստականներ, որոնք կփոխեն աշխարհի ընթացքը
Մերձավորարևելյան պատերազմը աստիճանաբար վերածվում է համամարդկային ողբերգության և դրա «մեղավորները» հիմնականում Սիրիայից, Լիբիայից և Իրաքից դեպի Եվրոպա փախչող, մահից մազապուրծ եղած հարյուր հազարավոր մարդիկ են:
Եվրոպան նրանց համար դարձել է ապրելու և ապրեցնելու միակ հույսը, վերջին հնարավորությունը: Եվ ինչպես խեղդվողն է ձեռքը ծղոտին գցում, նույն կերպ սիրիացի փախստականներն են հնարավոր բոլոր միջոցների դիմում՝ վաղը ունենալու թեկուզ չնչին հնարավորություն ստանալու համար: Իսկ Եվրոպան դրան պատրաստ չէ: Թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն:
Ու եթե մի կողմ թողնենք ֆինանսական կամ տնտեսական բաղադրիչը, ապա հստակ հասկանալի է դառնում, որ ծերուկ Եվրոպան հիմա խնդիր ունի սեփական գոյության հետ, քանի որ եթե այդ մի քանի հարյուր հազար մարդը, այնուամենայնիվ, հաստատվեն հին մայրցամաքում, Եվրոպան ուղղակի փուլ կգա: Եվրոպան կդադարի գոյություն ունենալ՝ վերածվելով սոսկական կենսատարածքի, որտեղ չկան ընդհանուր արժեքներ, որտեղ գերակայում է գոյությունը պաշտպանելու հուսահատ կռիվը:
Իսկ այդ կռիվը հանգեցնելու է եվրոպացիների վերջնական ու անվերապահ կապիտուլյացիայի: Որովհետև վերջին մի քանի տասնամյակում բավական կուշտ ու ապահով կյանքով ապրող, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին միայն սեփական զանգակատնից նայող ծույլ եվրոպացիները մոռացել են գոյատևելու համար պայքարի կանոնները: Նրանք բարի չեն, բայց արտասվում են, երբ տեսնում են դեպի փրկություն ուղևորված, բայց այդպես էլ թունելի վերջում երևացող լույսին այդպես էլ չհասած չորսամյա ջրահեղձ մանչուկի լուսանկարը: Իհարկե, դեպի Եվրոպա փախչողներն էլ են տեսնում այդ լուսանկարը: Բայց նրանք չեն արտասվում՝ ոռնում են կատաղությունից: Եվ հենց այդ կատաղությանը, դրա արդյունքում ծնված հուսահատությանն ու չարությանը պատրաստ չէ Եվրոպան:
Եվրոպան, որը ժամանակին լուսավորվել է ինկվիզիցիայի վառած խարույկներով, որը պայթել է ամենաանմարդկային դրսևորումներ ստացած հեղափոխություններից, անցել է երկու համաշխարհային պատերազմով, մոռացել է ատելության ուժը և վերածվել է պոտենցիալ զոհի: Իսկ նրանք, ովքեր հիմա գրոհում են Եվրամիության սահմանները, մինչև ատամները զինված են այդ ատելությամբ և ծարավ են վրեժի, քանի որ ամբողջ մարդկությանն են մեղադրում անտարբերության ու իրենց դժբախտությունների համար: Եվ Եվրոպան կդառնա այդ վեժի առաջին, բայց ոչ վերջին զոհը: Հետո կգա մնացածի հերթը:
Պատմությունը կրկնվում է և դա աքսիոմատիկ պնդում է:
Փախստականները գրոհում են Եվրոպան ճիշտ այնպես, ինչպես 1753-ին թուրքական հորդաները Մահմուդի գլխավորությամբ գրոհում էին Բյուզանդիոնը: Բյուզանդացիները աղաչում էին օգնության մասին: Բայց Եվրոպան չլսեց աղերսանքը՝ բավարարվելով հացահատիկով բեռնված երկու բեռնանավ ուղարկելով: Բյուզանդիոնն ընկավ՝ դատապարտված լինելով մարդկության անտարբերությամբ: Ու փոխվեց մարդկության պատմության ընթացքը: Նույն իրավիճակն է նաև հիմա՝ այն տարբերությամբ, որ հիմա էլ գրոհի սուբյեկտը Եվրոպան է, իսկ օվկանոսներից այն կողմ գտնվող ու իրեն ապահով զգացող աշխարհը փորձում է հացահատիկով բեռնանավեր (պայմանականորեն) ուղարկելով մասնակցության իմիտացիա ստեղծել՝ առանց հասկանալու, որ Եվրոպայի անկումը նշանակելու է քաղաքակրթության կործանում՝ բառի բոլոր իմաստներով:
Եվ եթե այս գիտակցումը ժամանակին տեղ չհասնի մարդկանց բթացած ուղեղներին, մոլորակը շատ արագ կվերածվի այնպիսի մի գեհենի, որից նույնիսկ Դանթե Ալիգիերին կխելագարվեր: