25/09/2015 14:37
Հայաստան ծառատունկ ծրագիրը հրավիրում է լուսավոր մարդկանց
Հայաստան Ծառատունկ ծրագիրն («Էյ-Թի-Փի») այս աշնանը իրականացնելու է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը բնապահպանական գործունեության մեջ հանրության առավելագույն ներգրավումն է: Նախորդ գարնանը հաջողած հանրային ծառատունկերից և աղբահավաքներից հետո «Էյ-Թի-Փի»-ն դարձյալ հրավիրում է մեր Հայրենիքի կանաչ ապագայով մտահոգ ու լուսավոր անհատներին միանալ առաջիկա տարատեսակ միջոցառումների։
Կազմակերպությունը մեկնարկում է «Կանաչ այցեր» դեպի Հայաստանի գեղեցիկ տնկարաններ: Սեպտեբերի 26-ին կազմակերպվելու է կարճ այց դեպի Աշտարակի հարևանությամբ գտնվող Կարինի տնկարան: Տնկարանի ղեկավար Սամվել Ղանդիլյանի և գլխավոր բուսաբան Տիգրան Փալազյանի ուղեկցությամբ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ մեզ մոտ մշակվող և ծառատունկերի համար պատրաստվող բազմաթիվ էկզոտիկ բուսատեսակների, թուփ ու ծառի:
Նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա «Էյ-Թի-Փի»-ի աշնանային երկրորդ կարևոր միջոցառումը` Աղբահավաքը, Ապարանի Միրաք գյուղի հարևանությամբ գտնվող չքնաղ մի վայրում: Պլաստմասե շշերի տոպրակների ու այլ բազմատեսակ աղբի մեջ խեղդված սոճիների պուրակն այստեղ որևէ կերպ գոյատևելու իսկական ճիգեր է գործադրում: Ուստի «Էյ-Թի-Փի»-ի աղբահավաքի հերթական հանգրվանը հենց այստեղ է: Մաքուր Հայաստանի մասին երազողներին սպասելու են Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 26-ին` առավոտյան ժամը 09:30-ին: Մասնակիցները Երևանում կլինեն արդեն երեկոյան մոտ 16:00-ին:
Աղբահավաքի նպատակն այս փոքրիկ անտառին շնչելու ու լիարժեք աճելու հնարավորություն տալն է և Հայաստանում ցավալիորեն ու կայուն կերպով աճող աղբի նվազեցումը: ArmScoop-ը ևս բոլորին կոչ է անում մասնակցել այս կարևոր նախաձեռնությանը։
Միջոցառման ընթացքում տեղադրված բնապահպանական անկյունում զուգահեռաբար անցկացվող ինտերակտիվ դասընթացներին մասնակցող տարբեր տարիքի կամավորներ իրենց հետաքրքրող գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու շատ լավ հնարավորություն կունենան: Աղբահավաքին անհրաժեշտ գործիքներն ու նյութերը կտրամադրվեն տեղում: Հավաքված աղբից ստացվելիք «կիրառական/մշակութային արդյունքի» մասին` հաջորդիվ:
«Էյ-Թի-Փի»-ի նպատակն է աջակցել հայ ժողովրդին` ծառի միջոցով նրանց կենսամակարդակը բարելավելով և մշրջակա միջավայրը բարելավելով: Այս բնական էկոհամակարգի պահպանման ճանապարհին կազմակերպությունն առաջնորդվում է իր ունեցած նվազագույն միջոցներով սեփական ինքնաբավության ապահովման սկզբունքով: «Էյ-Թի-Փի»-ի գործունեության թիրախում են ծառատունկերը քաղաքային և համայնքային տեղամասերում, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման նախաձեռնությունները:
«Էյ-Թի-Փի»-ի վերջին ամենախոշոր նախաձեռնությունը «Կենաց Դար»-ն է, որի շրջանակներում նախատեսվում է 3-ից 5 տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսում տնկել 10 լրացուցիչ անտառ, որոնք կխորհրդանշեն Պատմական Հայաստանի՝ Եղեռնից հալածված համայնքները: Կազմակերպությունը հրավիրում է միանալ ողջ աշխարհի հայերին, որոնք աջակցում են նոր ծառատունկերին` իր հիշատակ իրենց հարազատների և պատմական Հայրենիքի: Այսպիսով դուք կտնկեք նոր Մուշ, Խարբերդ, Մարաշ կամ այլ անտառ, որոնց անունը կրող համայնքներից ու վայրերից սերում են ձեր արմատները: