29/09/2015 20:03
Ջութակահար Էդգար Հակոբյան. Մաչոյի կերպար երբեք չեմ փորձել ստեղծել
Երևանում նոյեմբերի 20-ին կկայանա «Սառույցի արքաները» փառահեղ սառցե շոուն: Շոուին կմասնակցի նաև հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը: Է. Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց շոուից իր ունեցած ակնկալիքների և անձնական կյանքում կարևոր փոփոխությունների մասին:
-Հե՞շտ համաձայնվեցիք մասնակցել և ի՞նչ ակնկալիքներ ունեք «Սառցե արքաները» շոուի հետ կապված:
-Հեշտ համաձայնվելու խնդիր չկար, որովհետև ես մասնակցում եմ ոչ միայն Հայաստանում նման միջոցառումների, բայց այդ, ունեմ կազմակերպիչների և մասնակիցների թվում շատ ընկերներ: Դրանից բացի, ինձ առաջարկեցին զբաղվել նաև կազմակերպչական աշխատանքներով: Հայ հանդիսատեսի հետ կապված մեծ սպասելիք ունեմ, որովհետև Հայաստանում ելույթ ունենալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հայ հանդիսատեսը շատ լավ, բայց բարդ հանդիսատես է:
-Դահլիճում և գեղասահորդների համար նվագելու ոճը տարբերվու՞մ է:
- Իհարկե, ոճը տարբերվում է, թե ժամանակի, թե երաժշտության առումով, գեղասահորդների համար նախատեսված երաժշտությունը տարբեր է համերգային երաժշտությունից: Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները, բայց ես շոույին մասնակցելու եմ ոչ մենակ:
- Ինչո՞վ եք հիմա զբաղված բացի շուոի կազմակերպչական աշխատանքները:
-Հիմա ես գրում եմ երաժշտություն ռուսական ֆիլմերի համար, իսկ որոշ ժամանակ անց կգանք Հայաստան երաժշտական տեսաֆիլմի պրեմիերայով:
- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր կյանքում հիմա կան շատ աղջիկներ: Փորձո՞ւմ եք մաչոյի կերպար ստեղծել, թե իրականում այդպիսին եք:
-Ես մաչոյի կերպար երբեք չեմ փորձել ստեղծել, բնականաբար, տղամարդու կյանքում կան աղջիկներ, հիմա ավելի քիչ, որովհետև ավելի լուրջ իրավիճակում եմ գտնվում, իմ փնտրտուքները վերջացել են: Անձնական կյանք, իհարկե, մնում է անձնական կյանք և ես դա չեմ ցանկանում հանրայնացնել:
- Դուք նաև նշել էիք, որ մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր է կատարել Ձեր մայրը: Հիմա ընտրելու դեպքում ո՞ր ուղիով կգնայիք և չե՞ք կարծում, որ մասնագիտության ընտրության հարցում դա կանխորոշված է եղել:
-Այո, ես միշտ էլ ասել եմ, որ մայրս երազել է, որ ջութակահար դառնամ և ես դա իրականացրել եմ: Հիմա ես նաև պրոդյուսինգով եմ զբաղվում, իսկ մասնագիտության ընտրությունը կանխորոշված էր նրանով, որ երաժիշտ էին ծնողներս՝ մայրս, հայրս և պարզ էր շատ մանուկ հասակից, որ ես այդ ուղին պետք է ընտրեի:
- Ձեր ընտանիքի մասին հաճախ եք խոսում, նրանք ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում և նրանց խոսքը կարո՞ղ է որոշիչ լինել Ձեզ համար:
- Իմ ընտանիքը իմ կյանքում շատ ահավոր մեծ մաս է կազմում, այն իմ համար կարևորագույն տեղ ունի, և ես ամեն ինչում խորհրդակցում եմ ընտանիքիս, մորս , եղբորս, քրոջս ու հորս հետ:
- Դուք մեծ մասամբ ապրում եք Մոսվայում: Հայաստանում երաժշտին հնարավո՞ր է կերտել լավ կարիերա:
-Ես չեմ ապրում որևէ հստակ տեղ, ես, կարելի է ասել, ապրում եմ ամենուր: Գործի բերումով, քանի որ գործընկերներիս մեծ մասը այստեղ է, հիմնականում Ռուսաստանում եմ, բայց ես նաև շատ եմ լինում Հայաստանում: Իհարկե, Հայաստանում էլ շատ հնարավոր է լավ ապագա կերտել, Հայաստանում շատերը ապրում են ու կերտում շատ լավ կարիերա, որովհետև այդտեղ կա ամեն ինչ ստեղծագործելու համար:
Վերջում նա նշեց, որ ինքը շատ ազդվել է Հայաստանում մի շարք համերգների չեղարկվելուց: «Եթե ամսի 20-ը դրված է որպես շոուի օր, դա որևէ կերպ չի փոխվի: Ուղղակի Հայաստանում բաներ են կատարվում, ամեն մեկը փորձում է համերգներ անել, հետո պարզվում է, ժողովուրդը խաբված են մնում: Դա ազդում է իմ վրա, որովհետև մենք մեծ համերգ ենք պլանավորում, որը նոյեմբերի 20-ին անպայման կայանալու է»,-հավելեց նա: