02/10/2015 20:12
Հարություն Մովսիսյանը «Բախտաբեր» և «Որոգայթ» ֆիլմերի մասին
Դերասան Հարություն Մովսիսյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր Արմենիա հեռուստաընկերության «Բախտաբեր» հեռուստասերիալում, այժմ սպասման մեջ է. Aysor.am-ի այն հարցին, թե արդյոք նոր առաջարկներ չունի, վերջինս պատասխանեց.
«Ես առաջարկներ միշտ եմ ունենում, բայց չեմ կարող զուգահեռ աշխատել: Երբ կհասկանամ սերիալի հետագա ընթացքը, կորոշեմ իմ անելիքը: Ունեմ ներկա պահին առաջարկ թե չէ, սխալ կլինի մանրամասնել: Երբ սկսածս գործը կավարտեմ՝ կամ կհրաժարվեմ, կամ էլ կհամակերպվեմ մյուս առաջարկներն: Բայց հիմա շատ գաղտնիքներ բացելու իրավունք չունեմ: Սպասում եմ «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային»:
Հայկական կինոշուկայում չկա նախադեպ, որ սերիալի տրամաբանական շարունակությունը լինի գեղարվեստական ֆիլմի տեսքով: «Բախտաբերն» այս առումով դեռևս բացառություն է: «Ճիշտ է, ոչ-ոք այդ առումով իմ կարծիքը չի հարցրել, բայց եթե ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը հարմար են գտել այդպես անել, ապա ես վստահում եմ իրենց որոշմանը: Իրենք քաջածանոթ են սերիալային դաշտին, տիրապետում են իրավիճակին: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ, հետաքրքիր և որակյալ կլինի»,-նշեց Հ. Մովսիսյանը:
Ինչ վերաբերում է սերիալային երկրորդ եթերաշրջանին, դերասանի խոսքով, դեռևս ոչինչ հստակ չէ. «Ինքս էլ դեռ ոչինչ չգիտեմ, բայց խոսակցություններ կան: Ճիշտ է, դրանք 100 տոկոսանոց չեն, բայց եթե որևէ խոսակցություն կա, ապա դրա մեջ նաև լրջություն կա»:
Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև «Որոգայթ» սերիալի հիման վրա պատրաստված «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում: Այս անգամ նրա առանցքային խաղընկերներին՝ Գեղամ Խանդիլյանին և Արամ Միսկարյանին (Գոքոր և Գարիկ) փոխարինում են Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը: Մեր այն հարցին, թե նրանց հետ տեսարաններում հիշողություններ ու հուզականությունը չէ՞ր խանգարում իրեն, դերասանը պատասխանեց. «Չորսն էլ հրաշալի տղաներ են, շատ լավ մարդիկ: Յուրաքանչյուրն անհատականություն է և իր հետ բերել է իր գուները, ինքնությունը: Ասեմ, որ հրաշալի, շատ լավ ֆիլմ է նկարահանվել: Այսպիսի ֆիլմ, կարծում եմ, դեռ չի եղել մեր կինոշուկայում: Տաղանդավոր մարդիկ են հավաքված, որոնցից յուրաքանչյուրը բերել է իր տեսակը: Շուտով կլինի ֆիլմի պրեմիերան, որին անհամբեր եմ սպասում: Կարծում եմ, ժողովուրդը դժգոհ չի մնա»: