02/10/2015 19:04
Արգելքը կհանվի՝ կաթի և կաթնամթերքի մասով «բիոլոգիական» բառը այսուհետ կօգտագործվի
ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նշվել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն:
Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնաբուծության ենթաոլորտում, իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկված օրենսդրական կարգավորումը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար առաջարկելու է տոհմանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տոհմանյութի հավաստագրման կամավոր սկզբունք և դրա տեսակից կախված հավաստագրման ժամկետներ. արդյունքում կնվազեցվեն այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը: Նա նշել է, որ առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի հավաստագրման ժամկետները՝ տեսակից կախված, 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը նշել է, որ հեշտացվում է տնտեսվարողների գործը, սակայն նրանք պիտի գործեն որոշակի նորմերի համապատասխան: Արմեն Ավետիսյանն առաջարկել է վերահսկողություն սահմանել տոհմային կենդանիների բուծմամբ զբաղվող տնտեսությունների գործունեության նկատմամբ, որպեսզի փարատվեն մտավախությունները՝ կապված տոհմանյութի արտադրության, որակի և պահպանման հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ունի արտադրության և արտահանման ծավալային աճի մեծ ներուժ և անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ և միջազգային ընդունված պահանջներին:
Ռոբերտ Մակարյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ արգելվում է կաթի, կաթնամթերքի տուփի վրա նշել «բիոլոգիական» բառը, եթե այն հավաստագրում չի անցել: Այս նախագծով առաջարկվում է այդ արգելքը հանել միայն կաթի և կաթնամթերքի մասով՝ օգտագործելով «բիոլոգիական» բառը, եթե դրանցում կան բնական բիֆիդոբակտերիաներ. մասնավորապես, խոսքը մածունի և կեֆիրի մասին է:
Օրակարգում ընդգրկված օրենքների երկու նախագծերը հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում ընդգրկվել են ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: