02/10/2015 12:37
Ա. Ենոքյան. Ադրբեջանը ուզում է ռուսների ձեռքով Ղարաբաղից մի կտոր չանթել
Կարծում եմ, այսօր Ադրբեջանը հակված է ռուսական խաղաղապահների տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում, որովհետև այսօր հասկանում է, որ ռուսների ձեռքով կարելի է Ղարաբաղից մի կտոր չանթել: Այդ երկիրը նաև հասկանում է, որ ռուսական զորքերը այդտեղ երկար չեն մնա, քանի որ ես վստահ եմ՝ Ռուսաստանը ներկայիս տեսքով երկար չի գոյատևի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը.
«Մյուս կողմից, Ռուսաստանն էլ այսօր շահագրգիռ է հակամարտության էսկալացիայով, քանի որ տեսնում ենք, որ ՌԴ-ն սառեցրել է հակամարտությունը Դոնբասում և սկսում է էքսպանսիան Սիրիայում, իսկ հետո գուցե դա արվի նաև Անդրկովկասում, այնպես որ, կարող է և սահմանափակ թվով ռուս խաղաղապահներ տեղակայվեն հակամարտության գոտում, ինչը նրանից մեծ ռեսուրսներ չի էլ պահանջի, փոխարենը քաղաքական դիվիդենտները ահռելի կլինեն»:
Ա. Ենոքյանը հակամարտության լուծման երկու ճանապարհ է տեսնում՝ կա՛մ ռազմական գործողություններն այնքան կակտիվանան, որ խաղաղապահ ուժեր կմտնեն տարածաշրջան, կա՛մ Մինսկի խումբը կկարողանա զսպել ադրբեջանական կողմին: Քաղաքագետը նշեց, որ հաշվի առնելով նավթի գնի անկումը ու դրա շարունակական լինելը, Ադրբեջանը ուզում է օգտագործել պատերազմ սկսելու իր վերջին շանսը, քանի որ հասկանում է, որ երկար ժամանակ այլևս դրանից զուրկ կլինի.
Բանախոսը հիշեցրեց, որ վերջերս Դուշանբեում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր, որոնք առաջին հերթին ռուսական զորքեր են, և բնական է, որ առաջին հերթին դրանք կարող են գործի դրվել Ղարաբաղում.
«Սա նշանակում է, որ Հայաստանը արդեն փաստացի գնում է դեպի այն, որ համաձայնի ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում»,- հավելեց Ա.Ենոքյանը: