02/10/2015 14:21
Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների գնահատականը՝ ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան էջում ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների գնահատականը՝ ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի.
«Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար իր ազդեցությունն ունի նաև կրթության ոլորտը:
Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ոլորտը ներկայացված է 4 ենթաինդեքսով. «Առողջապահություն և տարրական կրթություն» բաժնում ՝տարրական կրթություն, «Բարձրագույն կրթություն և վերապատրաստումներ» բաժնում՝ կրթության քանակական ցուցանիշ, որակ և վերապատրաստու աշխատատեղերում: Նշված բոլոր ենթաինդեքսներով նախորդ տարվա համեմատ գրանցվել է առաջընթաց, համապատասխանաբար՝ 1, 3, 4 և 9 կետերով:
Տարրական կրթության որակի ենթաինդեքսը աճել է 7 ռանգային կետով:
Կրթության քանակական ցուցանիշներում հաշվի են առնվում միջնակարգ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համախառն ընդգրկվածության ցուցանիշները: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ և 59-րդ տեղերը, ինչը կրթության ոլորտի լավագույն ցուցանիշներից են:
Բարձրագույն կրթության որակի գնահատականով մենք առաջ ենք գնացել 2 դիրքով, իսկ Մաթեմատիկայի և բանգիտական կրթության որակի աճով՝ 22 (!) դիրքով:
Վերջին՝ «Վերապատրաստումը աշխատատեղերում» ենթաինդեքսը արտացոլում է վերապատրաստման հնարավորությունները և կազմակերպությունների՝ անձնակազմի վերապատրաստման մակարդակը: Երկու ցուցանիշներով էլ գրանցվել է առաջընթաց՝ 16 և 2 կետերով»,- գրառել է նախարարը: