02/10/2015 19:13
Ա. Մարտիրոսյան. Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխություններից, միևնույն է՝ խնդիրները չեն լուծվելու
Ընդդիմությունը միասնական ճակատով պետք է հանդես գա, առանց այդ էլ բավականին մեծ թվով կեղծ ընդդիմադիրներ են քաղաքական դաշտը վերցրել ՝ իրենց գործը կատարելուց հետո որպեսզի ի սպառ վերացնեն քաղաքական դաշտը: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում՝ «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նայելով սակավաթիվ բազմությանը` նա ասաց.
«Քիչ ենք, որովհետև ես կարծում եմ, որ այլ ուղերձ է պետք հասարակությանը: Հասարակությունը հետաքրքրված է ոչ թե սահմանադրական փոփոխություններով, այլ բացառապես մեկ խնդիր ունի լուծելու՝ արմատական փոփոխություններ, վերից-վար, որը պետք է սկսվի իշխանափոխությունից: Իսկ իշխանափոխություն առանց միասնության հնարավոր չէ»,- հայտարարեց նա:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» բոլոր ճակատներում մի նպատակ է հետապնդում՝ բոլոր թևերը պետք է միանան իրար և պետք է լինի մեկ նպատակ, մեկ ճակատ, պետք է լինի մեկ ուղերձ, քանի որ, կրկնեց նա, առանց սահմանադրական փոփոխությունների էլ ոչինչ չի լինելու.
«Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի այդ փոփոխություններից, ապա միևնույն է՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու»,- շեշտեց նա: