02/10/2015 13:22
Վարչապետի հայտարարությունը անհիմն չէ, որովհետև աուդիտը աշխատել է. Գալուստ Սահակյան
Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի վաճառքը բիզնես իմաստով շահեկան կլինի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ծավալվող խոսակցություններին՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Կարծում եմ՝ սա Հայաստանի նկատմամբ Սամվել Կարապետյանի դրսևորումն էր»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ-ը պարտքերի մեջ է, իսկ գնորդը՝ օֆշորային գոտում գրանցված ընկերություն, Գալուստ Սահակյանը հավելեց, որ ընկերությունը, որը պետք է հիմնականում գործարքին մասնակցի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպի» մաս է կազմում:
«Իսկ օֆշորայինից շատ պետք չի վախենալ և սա այն դեպքը չէ, որ անհատների մեջ կարող են մարդիկ փախչել, որովհետև եթե նայեք մեր ընդհանուր օրենսդրությունը, պայմանագիրը, վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը: Ով ձախողվեց, նա կպատժվի, կտուժի»,- վստահեցրեց ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին, թե վտանգավոր չէ՞, որ Հայաստանի համար ստրատեգիական համարվող բոլոր կառույցները վաճառվում են արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններին, և պետությանն, ըստ էության, ոչինչ չի մնում, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց. «Դրա համար դուք պիտի մտածեք, դուք էլ հավաքվեք ու բիզնեսով զբաղվեք: Ովքեր փող ունեն, նրանք են բիզնեսով զբաղվում և պիտի ողջունել նրանց, ովքեր այս պայմաններում ՀՀ-ում ներդրումներ են անում»,- հավելեց նա:
Աժ նախագահը համոզված է նաև, որ ՀԷՑ-ի վաճառքի շնորհիվ այդ ընկերությունում կառավարման մեխանիզմները կնորացվեն, կթարմացվեն, կորուստները կպակասեն:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխմանը՝ ԱԺ նախագահը հավելեց. «Չեմ կարծում, որ ձեզնից յուրաքանչյուրին, այսօր որ տալիս են 200 դոլար, վաղը 50 դոլար տան, կգաք կաշխատեք: Նույնը արտադրանքն է: Մակարդակը կբարձրանա, կնորանա: Որպեսզի վստահություն առաջանար, որ բարձրացումը իրեղեն է, բազմիցս հայտարարվեց, որ նրանք, ովքեր չեն հավատում, իրենց մասնագետներով կարող են մասնակից դառնալ հանձնաժողովի գործընթացին»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այն փաստարկները, որոնք կան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռքում, լրիվ հավաստի են, որ բարձրացում պիտի լիներ: «Հասարակությունն անընդհատ ասում է, որ կոռուպցիա կա, տարբեր երևույթներ կան, իսկ աուդիտը մի այլ խնդիր է: Վարչապետի հայտարարությունը անհիմն չէ, որովհետև աուդիտը աշխատել է իր մասնագիտական լրիվ կարողություններով, տվյալներն այն են, որ հանձնաժողովը ճիշտ է վարվել»: