02/10/2015 16:06
Դեղի մասին տեղեկատվության հայերեն տրամադրումը կազդի՞ դեղի գնի վրա
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Դեղերի մասին» օրենքի նախագծի աշխատանքային խմբի հերթական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարել սպառողին հայերեն լեզվով դեղի մասին տեղեկատվության տրամադրման պահանջին: Հանձնաժողովը գտնում է, որ այն կարևորագուն պահանջ է և դեղի օգտագործման անվտանգությունից ելնելով հայ սպառողին պետք է տրամադրվի դեղի մասին մատչելի ձևով տեղեկատվություն:
ԱԺ-ից տեղեկանում ենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված մի շարք դեղ արտադրող, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, մտահոգված լինելով հայերենով ներդիրի տրամադրման իրականացման ծավալուն աշխատանքով, միևնույն ժամանակ կարևորում և կողմ են սահմանված պահանջին, բացառությամբ «Վագա Ֆարմ» ՍՊԸ հիմնադիր Վահե Վարսանյանի: Ըստ նրա՝ հայ սպառողին բավարար է անգլերենով կամ ռուսերենով դեղի մասին տեղեկատվության տրամադրումը, քանի որ հայ հասարակությունը կրթված հասարակություն է և կարող է համապատասխան տեղեկատվությունը կարդալ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, իսկ այն սպառողները, ովքեր չեն տիրապետում այդ լեզուներին, կարող են օգտվել ինտերնետային կայքից՝ մասնավորապես դեղի մասին հայերեն լեզվով տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքում:
Վահե Վարսանյանը այն կարծիքին է, որ հայերենով ներդիր թերթիկներով ապահովումը ծավալուն և ժամանակատար աշխատանք է, որը կարող է ազդեցություն ունենալ դեղի գնի վրա: Հանձնաժողովը կարծում է, որ սպառողին դեղի մասին հայերեն լեզվով տեղեկատվության տրամադրումը չնչին ազդեցություն կարող է ունենալ գնի վրա, սակայն անվտանգության ապահովումը առաջնային է սպառողի համար, քննարկման առարկա պետք է լինի միայն դրա իրականացման մեխանիզմները: