02/10/2015 21:25
ՀՀԿ խոսնակ. Մենք տեսանք տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի խնդիրներով մտահոգ համահայկական առաջնորդի ելույթ
Ադրբեջանն է խաղաղ բանակցությունները փակուղի տանում, Ադրբեջանն է, որ չի ցանկանում մոնիտորինգ իրականացնել շփման գծի շրջանում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ելույթի հիմնական մեխերը:
Հենց Նախագահի՝ ԱՄՆ կատարած այցն է քննարկվել է ԳՄ նիստում:
Է. Շարմազանովը մեջբերեց նաև այն հայտարարությունը, որ հենց Ադրբեջանի ղեկավարն է արհամարհում Մինսկի խմբի համանախագահներին ու նրանց ջանքերը, բայց եթե նրանք չեն կարող ստիպել Ադրբեջանին վերադառնալ խաղաղ գործընթացին, ապա Հայաստանը, օգտվելով իր բոլոր քաղաքական և ռազմական հնարավորություններից, կստիպի, որ Ադրբեջանը հարգի խաղաղությունը:
Հարցին` թե ի՞նչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ՀՀԿ խոսնակն ասաց, որ հանդիպումը երկար չի տևել, դրանում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր.
«Մենք դրական ենք գնահատում ԱՄՆ, ինչպես նաև՝ համանախագահող երկրների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց հայ-ամերիկյան հարաբերությունները ավելի լայն են, քան միայն Ղարաբաղյան խնդիրը, ուստի մենք շահագրգռված ենք, որ մեր ամերիկացի գործընկերների հետ այսուհետ ևս խորացնենք հարաբերությունները»,- նշեց նա:
Է. Շարմազանովը նաև ասաց, որ ԳՄ նիստում ՀՀ Նախագահը ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի այլ մանրամասներ ևս, և շեշտեց, որ այն արդյունավետ է գնահատվել.
«Մենք տեսանք տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի խնդիրներով մտահոգ համահայկական առաջնորդի ելույթ»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա Է. Շարմազանովն ասաց, որ անշուշտ քննարկվել է նաև այդ հարցը, և նշեց, որ համեմատած մեկ շաբաթ առաջվա իրադարձությունների հետ` այսօր հարաբերական անդորր է տիրում սահմանին: Նա նշեց, որ օրերս այցելել է սահմանամերձ գոտի.
«Հիացած եմ նրանց տոկունությամբ ու ոգով: Նրանք բոլորը ամուր կանգնած են իրենց հողի վրա, բոլորը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ոչ մի կրակոց չի կոտրել նրանց ոգին: Ես գնացել էի նրանց ոգեշնչելու, բայց նրանք ինձ ոգեշնչեցին ու ճանապարհեցին»,- նշեց ՀՀԿ խոսնակը: