02/10/2015 11:30
Ադրբեջանի վրա է ընկնում հրադադարը խախտելու պատասխանատվությունը. ՀՀ արտգործնախարար
Պետք է բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև այլընտրանք չկա։ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է ՀՀ Արտաքին գործների նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ խնդիրը կարգավորելու ուղղությամբ հեռանկարներին։
Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ արեցին համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում, նախարարն հավելել է, որ Հայաստանը, ինչպես և Ղարաբաղը բազմիցս հայտարարել է, հաստատել է, որ համաձայն է այդպիսի մեխանիզմի ստեղծմանը: «Բայց Ադրբեջանը միշտ մերժում է»,- ասաց նա և նշեց, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների կողմից առավել հստակ էր կոչը։
Նա նշել է նաև, որ եթե Ադրբեջանը մերժում է այդպիսի մեխանիզմների ստեղծումը, ուրեմն իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը։ «Միջազգային հանրությունը հիմա լավ գիտի, թե ով է խախտողը և լավ գիտի, թե ով է հրաժարվում մեխանիզմներ ստեղծել, որոնք կարող են նաև կանխարգելիչ լինել»,- ասել է նախարարը։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այժմ քննարկվում են եռանախագահների կողմից տարածաշրջան կատարելուց այցի ժամկետները:
Ինչ վերաբերում է նախագահների մինչ տարեվերջ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը, նախարարը ընդգծել է, որ Երևանը միշտ կողմ է եղել այդպիսի հանդիպումներին, սակայն այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն։ «Թե այդ կարգի հանդիպումներին, թե այլ հանդիպումներին չեն նպաստում հրադադարի խախտումները և լարվածության ավելացումը, որի պատճառն Ադրբեջանն է»,- ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: