02/10/2015 14:02
Թոմաս դե Վալ. Ցավոք, հակամարտության կարգավորման հեռանկարը չկա
Թե Ադրբեջանը, թե Հայաստանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու ցանկություն չունեն: Հայկական կողմի դեպքում դա պարզ է՝ ստատուս քվոն բխում է շահերից, իսկ Ադրբեջանի պարագայում սա մեծ ռիսկ է ալիևյան վարչակարգի համար, քանի որ պարզ չէ, թե ինչպես այն կավարտվի: Այս մասին ասուլիսի ժամանակ տեսակամուրջի միջոցով հայտարարեց Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վալը:
Նա նշեց նաև, որ թեև Ադրբեջանը պատերազմ սկսելու ռազմական մեծ ռեսուրս ունի, այդուհանդերձ հասկանալի չէ, թե ինչպես կարձագանքի դրան Ռուսաստանը:
«Անշուշտ, հակամարտության շուրջ ընդհանուր ֆոնի վատթարացում առկա է, սահմանին իրավիճակը սրվում է, քանի որ ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա է սկսել կիրառել՝ ականանետ, հրթիռներ: Իսկ այս ամենը վտանգում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը: Ցավոք, հակամարտության կարգավորման հեռանկար չկա»,- նշեց Թոմաս դե Վալը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ երկու պետությունում էլ իշխանությունների գլխավոր նպատակն է իշխանության պահպանումը, և այս համատեքստում ղարաբաղյան գործոնի օգտագործումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: