02/10/2015 17:00
Տնտեսագետ. ԵԱՏՄ երկրներից միայն ՀՀ-ն ու Ղրղզստանը տարին կփակեն դրական տնտեսական աճով
«2015թ.-ի երկրորդ եռամսյակում ԱՊՀ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն շարունակում է անկում ապրել: Երկրորդ եռամսայակի տվյալներով նվազումը կազմում է 4.4 տոկոս, մինչդեռ առաջին եռամսյակում անկումը ավելի մեղմ էր՝ 2.6 տոկոս: Ըստ այդմ՝ Զարգացման եվրասիական բանկի կողմից իրականացված ԱՊՀ երկրների մակրոտնտեսական վերլուծության արդյունքները բավականին հետաքրքրական միտումներ են բացահայտում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ այս պատկերը բացատրելով հիմնականում ԱՊՀ խոշոր տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական աճի բացասական միտումներով՝ մասնավորապես Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տնտեսական անկումով, ինչպես նաև Ղազախստանի տնտեսական աճի դանդաղման:
Կ. Խաչատրյանի խոսքով, եթե համեմատում ենք ԱՊՀ-ում 2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական աճի ցուցանիշները, ըստ երկրների, ապա առաջատարը Թուրքմենստանն է, որտեղ տնտեսական աճը առաջին եռամսյակի տվյալներով կազմում է 8.7 տոկոս, իսկ ամենածանր վիճակում գտնվում է Ուկրաինան՝ տնտեսական անկումն այս երկրում կազմել է շուրջ 16.3 տոկոս: Հայաստանը, ըստ տնտեսագետի, այս ֆոնին բավականին լավ վիճակում է գտնվում՝ իր կիսամյակային 3.8 տոկոս ցուցանիշով: Կ. Խաչատրյանը նշեց՝ Հայաստանը 2015թ-ի երկրորդ եռամսյակի արդյունքում արձանագրել է 5.1 տոկոս տնտեսական աճ, որն, ըստ էության, պայմանավորված է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում տեղի ունեցած դրական տեղաշարժերով.
«Ուշագրավ է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում տնտեսական աճի առումով տարբեր պատկեր ունենք: Այդպես, Ռուսաստանում 3.4 և Բելառուսում 3.3 տոկոս տնտեսական անկում է գրանցվել, Ղազախստանում էապես դանդաղել է տնտեսական աճի տեմպը՝ կազմելով 1.7 տոկոս, իսկ Հայաստանն ու Ղրղրզստանը կիսամյակի արդյունքներով բավականին լավ ցուցանիշ են արձանագրել՝ 3.8 և 7.3 տոկոսհամապատասխանաբար: Ուշագրավ է նաև այն, որ թե Հայաստանում, թե Ղրղզստանում տնտեսական աճի մեջ զգալի է գյուղատնտեսության դերը: Իսկ դատելով վիճակագրական տվյալներից՝ Ղրղզստանում բարձր տնտեսական աճին նպաստել են նաև ոսկու արդյունահանման ծավալների մեծացումն ու դրա արտահանումը, ինչպես նաև մեծածախ առևտրի ոլորտի աճը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական հնարավոր զարգացումներին՝ տնտեսագետը նկատեց, որ թե ԱՊՀ-ում, թե ԵԱՏՄ-ում միանման զարգացումներ չեն սպասվում.
«Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղրղզստանը կկարողանան տարին փակել դրական տնտեսական աճով. սպասվում է 2-3 տոկոս տնտեսական աճ»:
Իսկ ահա Բելառուսի պարագայում մասնագետները 3.5-4.5 տոկոս անկում են կանխատեսում, Ղազախստանում՝ 0.5-1 տոկոս, իսկ Ռուսաստանում անկումը, ըստ կանխատեսումների, կկազմի 4 տոկոսից ավելի:
Ըստ Կ.Խաչատրյանի՝ նման կանխատեսումների համար հիմք են ծառայում այն տնտեսական իրողությունները, որ այսօր առկա են համաշխարհային տնտեսությունում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք ընթանում են առանձին վերցրած երկրներում: Բացասական կանխատեսումների պարագայում հիմք են հանդիսացել նավթի համաշխարհային գների անկման միտումները, ԵԱՏՄ երկրներում ներդրումների նվազման դինամիկան և այլ գործոններ:
«Կարող ենք վստահ պնդել, որ ներկայիս իրողությունների ֆոնին Հայաստանի տնտեսության արձանագրած աճի ցուցանիշը, թեկուզև ոչ մեծ, բայց լուրջ ձեռքբերում է, որն իր հերթին պարարտ հող է նախապատրաստում 2016թվականին է’լ ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համար»,- հավելեց նա: