02/10/2015 15:55
Հայկ Ալումյան. Առողջ հոգեբանությամբ անձն ինչպե՞ս է կողմ քվեարկելու Սահամանդրության նախագծին
Չեմ հասկանում, թե ոնց են պատկերացնում, որ առողջ հոգեբանությամբ քաղաքացին կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության երկրորդ գլուխը խայտառակություն է և միայն այդ գլխի համար պետք է դեմ քվեարկել:
«Այն փաստը, որ քաղաքացուն առանց դատարանի որոշման կարող են զրկել սեփականությունից, արդեն հիմք է, որ քաղաքացին դեմ քվեարկի: Ճիշտ է, նա կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում և պահանջել, որ դատարանը ստուգի իրեն սեփականությունից զրկելու փաստաթղթի հիմնավորվածությունը, բայց դա արդեն ուրիշ հարց է»,- ասաց Հ. Ալումյանը:
Քննարկմանը ներկա Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ Սահմանադրության նախագծում բարեփոխման և բարելավվման մասին խոսք չկա, իսկ իրենք, որքան շատ են կարդում, այդքան շատ են անտրամաբանական դրույթներ հայտնաբերում:
«Մենք ունենք Քննչական կոմիտե և Հատուկ քննչական ծառայություն, որոնք իրենց հաշվետվողականությունը չեն բերում Ազգային ժողով և այս մասին Սահմանադրության նախագծում խոսք չկա: Ազգային ժողովը պետք է գնահատական տա քննչական մարմիններին, պետք է դրա աշխատանքը տեսնեն, քանի որ բյուջեից փող են հատկացնում»,- ասաց Ա. Սաքունցը: