02/10/2015 19:47
Բագրատյան. Վարչապետը սխալ վիճակի մեջ է դրել ռուսներին, ՌԴ-ն «չորով չի կարողանա մերժել»
«Ճիշտ է արել, որովհետև լիքը ռուբլի ունենք, լիքը տրանսֆերտներ ռուբլով են գալիս: Այնպես որ կոնկրետ Հայաստանին դա օգուտ է: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ ԵԱՏՄ տարածքում հրաժարվել դոլարից ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Ըստ պատգամավորի՝ վարչապետը սխալ վիճակի մեջ է դրել ռուսներին.
«Փաստորեն ռուսները, որ այդքան քննադատում են ամերիկացիներին, հրաժարվում են մեզ ռուբլով ապրանք վաճառել, երբ մեր ապրանքները ռուբլով են առնում: Իսկ հարցադրումը ճիշտ է նաև այն տեսանկյունից, որ ամենաէժան ռուբլին այսօր Հայաստանում է»,- ասաց Հ. Բագրատյանը:
Վերջինիս խոսքով՝ չգիտի, թե վերջը ինչ է լինելու, բայց միևնույն ժամանակ նա չի էլ կարծում, որ ՌԴ-ն «չորով կկարողանա մերժել».
«Պիտի հիմնավորի»,- շեշտեց նա:
Ի դեպ, Հրանտ Բագրատյանը վարչապետի այս առաջարկը ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ձևավորելու հետ չի կապում: