02/10/2015 19:38
Մշակույթի նախարարությունը Արմենչիկի հետ կապված հարցերին նպատակահարմար չի գտնում պատասխանել
Սեպտեմբերի 21-ին մի շարք այլ գործիչների թվում նաև երգիչ Արմեն Գոնդրաչյանին շնորհված Վաստակավոր արտիստի կոչումը հունից հանեց շատերին: Ի վերջո, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում ՀՀ վաստակավոր արտիստի կոչման հավակնորդները, ո՞վ կամ ի՞նչ գերատեսչություն է միջնորդում այս կամ այն հաստատությունից դուրս աշխատող անհատների համար: Օրինակ, եթե արտիստը աշխատում է որևէ թատրոնում կամ հաստատությունում, դրա ղեկավարությունն է առաջադրում նրա թեկնածությունը՝ որպես որևէ կոչման հավակնորդ:
Ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է առաջադրել Արմենչիկի թեկնածությունը: Եվ, ի վերջո, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվել նրանք: Այս հարցերի պատասխանները ստանալու համար Aysor.am-ը դեռևս սեպտեմբերի 22-ին բանավոր, այնուհետև՝ գրավոր հարցմամբ դիմել է Մշակույթի նախարարություն:
8 օր շարունակ երկու ժամը մեկ կատարած մեր զանգ-հիշեցումներին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանում էին, որ մինչև օրվա վերջ անպայման կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Ինչևէ, զավեշտալին այն է, որ մեր կողմից հնչեցված 3-4 հարցին ի պատասխան՝ 9 օր անց Մշակույթի նախարարությունը չհիմնավորված պատճառներով, ավելի ճիշտ՝ առանց պատճառի, հրաժարվեց գրավոր պատասխանելուց և բանավոր կերպով տվեց միայն հետևյալ մեկնաբանությունը. «Ձեր հարցերին Մշակույթի նախարարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել»:
Եվ որպես հիշեցում՝ Մշակույթի նախարարությանը. Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:
Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ):
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հարցման պատասխանի մերժումը պետք է լինի գրավոր, որում նշված պետք է լինի մերժման հիմնավորումը:
Նախարարության հիմնավորումն այս դեպքում մեկն է՝ «Նպատակահարմար չեն գտնում»: