02/10/2015 15:46
«Նորաշեն 2007»-ից խաբված քաղաքացիները խնդրում են Կառավարության աջակցություն
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիները դիմել են Կառավարությանը, որպեսզի «Էսկո կոնցեռնին» շենքը կառուցելու համար վարկ վերցնելու հարցում աջակցի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուժած քաղաքացիներից Ռուզաննա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ «Նորաշեն 2007»-ը Բաբաջանյան 25/1 նորակառույց շենքում բնակարաններ տրամադրելու պայմանով 18 քաղաքացիներից վերցրել է 155 միլիոն դրամ և շենքը, դեռ չկառուցած, վաճառել է «Էսկո կոնցեռն» ընկերությանը:
«Նորաշեն 2007» ընկերության տնօրինությունը խարդախության համար դատապարտվել է՝ 5 և 6 տարի ազատազրկման, ընկերությունն էլ սնանկ է ճանաչվել»,- ասաց նա:
Ռ. Վարդանյանը նշեց, որ քաղաքացիները իրենց բնակարաններն ակնկալում են «Էսկո կոնցեռն» կազմակերպությունից, որը, սակայն, գումար չունի շենքը կառուցելու համար, թեև խոստացել էր բնակելի շենքը կառուցելու դեպքում ինքնարժեքով բնակարան տրամադրել 18 քաղաքացիների։
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 2012 թ. «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանին և Ոստիկանության ՊՊՎ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ անձանց հետ կնքել են նախնական և նախավճարի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել և հափշտակել են ընդհանուր առմամբ 2 475 425 269 դրամ:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50 784 820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել էր ընդհանուր առմամբ 663 158 300 դրամ: