02/10/2015 10:12
ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացնում է պետական միջոցները
Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդը» դժգոհություններ է ստանում ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Գրիգորիս Օտյանի գործունեության կապակցությամբ։ Թերթին դիմած քաղաքացիների ներկայացմամբ՝ Օտյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը և յուրացնում է կառույցին պետական բյուջեից հաստատվող դրամական միջոցները։ Ի դեպ, աշխատակիցները փոխանցել են նաև, որ Օտյանը աշխատանքի է ներկայանում ոչ սթափ վիճակում, բացի այդ իր հանգստի սենյակում պարբերաբար գինարբուքներ է կազմակերպում։
Իր հասցեին ներկայացված մեղադրանքների ու բողոքների վերաբերյալ մարզային կառույցի ղեկավարի տեսակետը պարզելու նպատակով «Ժողովուրդը» զրուցել է հենց իր՝ Գրիգորիս Օտյանի հետ։ Պարզվեց, որ նա այս դժգոհություններին այնքան էլ լուրջ չի վերաբերվում. «Սիրտս վիրահատված է, չեմ կարող ոչ սթափ վիճակում ներկայանալ կամ գինարբունքներ կազմակերպել։ Մեզ մոտ մի աշխատող կար, ազատվեց աշխատանքից, կարծում եմ, որ նա է այս ամենը կազմակերպում»,- ենթադրել է Օտյանը։
Իսկ պետական միջոցները յուրացնելու մեղադրանքների հետ կապված էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցում գումար յուրացնելն անհնար է։