02/10/2015 14:30
Նաղդալյան. Սահմանադրական գործընթացն ապահովում է բարեփոխումների բացառիկ հնարավորություն
«Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը և աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց այս անգամ ադրբեջանցի պատվիրակն ուղղակի գերազանցեց թե ինքն իրեն, թե տրամաբանական բոլոր նորմերը ու իրականում շատ ծիծաղելի վիճակում հայտնվեց՝ ներկաներից շատերը նիստերի դահլիճում ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք, որևէ մեկին մատնացույց անելու համար պետք է ուղղակի շատ «ադեկվատ» լինել, հաշվի առնելով գործերի այն վիճակը, որ առկա է Ադրբեջանում, որի մասին յուրաքանչյուր նիստում աղաղակում է ԵԽԽՎ մեծամասնությունը և որն անգամ արժանանում է Վեհաժողովի նախագահի կողմից լիագումար նիստի մեկնարկին բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսը հայտարարում է, որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, ում հետ կարող են համագործակցել, քանի որ բոլոր գործընկերները նետված են բանտերը: Այս ամենը իսկապես դարձել է Վեհաժողովի թևավոր խոսքը և այս ֆոնին որևէ մեկին մատնացույց անելու համար, կրկնում եմ, պետք է իսկապես շատ «ադեկվատ լինել», - Aysor.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից հաղորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ պատվիրակները, այդ թվում և ինքը, ստիպված են ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ հակադարձել ադրբեջանցի պատվիրակներին, որոնք ավանդաբար փորձում են ամեն առիթ օգտագործել Հայաստանի վրա ցեխ շպրտելու համար:
«Ի պատասխան ես նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն Լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից»,- ասաց Հ. Նաղդալյանը, ով ադրբեջանցի պատվիրակին իր խոսքի վերջաբանում նետել է «Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն» ռեպլիկը:
Ինչ վերաբերում է իր՝ «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ հնչեցրած ելույթին, ապա դրանում Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Նա, նախ, իր շնորհակալությունն է հայտնել զեկուցող, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ պարոն Շեննախին և Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոն Միլլին և Ֆիշերին` երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իրենց մանրակրկիտ ուսումնասիրության և վերջերս հրապարակված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագրի համար:
Հ.Նաղդալյանը նաև Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների փաստաթուղթը, թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում:
«2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով: Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարևորել են աշխատանքի բարձր որակը և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը և ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»,- տեղեկացրել է նա պատվիրակներին:
«Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները»,- մեջբերել է համազեկուցողներին Հ. Նաղդալյանը և ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել և հարստացվել են լրամշակված տեքստում և ձևակերպումները սերտորեն հետևում են ՄԻԵԴ-ին:
«Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաև ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ եվրոպացի իր գործընկերներին փոխանցելով ՀՀ իշխանությունների համոզմունքը, որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա և վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված է եղել և շարունակում է մնալ թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ.
«Քաղաքական բոլոր կուսակցությունները ներկայացրել են իրենց դիտարկումները և հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների /: Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի»,- հավելել է իր զեկույցը Հերմինե Նաղդալյանը: