02/10/2015 15:27
Բարեփոխումները խոշորագույն հանցագործություն են, որն իրականցվում են ընդդեմ մարդկության. Գիմիշյան
Սահմանադրական փոփոխություններն իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում, դրանք արտաքին այն գործոններն են, որոնք կնվազեցնեն հայ եկեղեցու դերը և կքայքայեն հայակական ավանդական ընտանիքները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:
«Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ կնվազի հայ եկեղեցու դերը, որը փորձում են հավասարեցնել աղանդների հետ: Դրանք ոտնձգություններ են նաև ավանդական հայ ընտանիքների ու ավանդույթների նկատմամբ»,- ասաց նա:
Ս. Գիմիշյանի համոզմամբ՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար լուրջ սպառնալիք է այն, որ նոր սահմանադրությամբ հողի սեփականության իրավունք է տրվում օտարերկրացիներին:
«Իհարկե, այս ամբողջի կողքին կա նաև խոր մի բլոկ, որը թերևս վերաբերում է կառավարման համակարգին, բայց մենք գտնում ենք, որ վերոհիշյալ փոփոխություններն ավելի վտանգավոր են, քան՝ համակարգային փոփոխությունները»,- ասաց նա՝ նշելով, թե նախատեսվող սահմանադրական բարեփոխումները ոչ միայն հայ ժողովրդի դեմ իրականացվող քայքայիչ գործողություն է, այլ նաև՝ դրանք պայմանավորված են համաշխարհային գործընթացներով:
«Աշխարհով մեկ տեղի են ունենում գործընթացներ, որոնց նպատակն է մարդու մեջ ոչնչացնել մարդկայինը և նրան բերել անասնական այն վիճակին, որը կհեշտացնի հետագայում նրան կառավարելը կամ նրա երկիրը տնօրինել ամբողջությամբ: Մենք սահմանադրական բարեփոխումները դիտարկում ենք խոշորագույն հանցագործությունների շարքում և գտնում ենք, որ դրանք իրականցվում են ընդդեմ մարդկության»,- ընդգծեց նա:
Ս. Գիմիշյանը նշեց, որ այս մասին կուսակցությունը հայտարարություն էր նախապատրաստել, որը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 25-ին նախատեսված միջոցառման ժամանակ, բայց այն կայացավ, քանի որ թույլ չտվեցին: Միջոցառման համար դիմել էին կառավարություն և ստացել համապատասխան թույլտվությունը, բայց միջոցառումն այդպես էլ չկայացավ՝ իբր թե դահլիճում էլեկտրականություն չլինելու պատճառով: Նա ասաց, որ իրենք օրերս կառավարություն են ներկայացրել հերթական դիմում-նամակը, որով ոչ միայն բացատրություններ են պահանջել, այլև նոր թույլտվություն են խնդրել: «Երբ տեղեկացանք, որ հոսանքի խափանում է տեղի ունեցել, մենք կառավարությանը նոր դիմում գրեցինք՝ աշխատակազմի ղեկավար նախարարի անունով, սակայն պաշտոնկան հայտարարություն այդպես էլ չի եղել: Արդեն 5 օր է ինչ ներակայացրել ենք դիմում-նամակը: Վճարած գումարը հետ չենք վերցրել, քանի որ ակնկալում ենք, որ պետք է թույլտվությունը լինի»,- ասաց նա:
Ս. Գիմիշյանը վստահեցրեց, որ իրենք մի շարք երկրներից կոչեր են ստացել, որով հայ ժողովրդին կոչ են անում այս հարցի հետ կապված միասնական ճակատ ձևավորել: