02/10/2015 13:05
Վերանախավը փորձում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով պաշտոնների վերախմբավորում անել. Ադիբեկյան
Վերանախավը փորձում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով պաշտոնների վերախմբավորում անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին:
Նրա խոսքով՝ սահմանադրությունները սովորաբար փոխվում են հասարակության ակտիվ պահանջով կամ իշխանական ճգնաժամի պայմաններում, սակայն մեր երկրում հասարակությունը այդքան ակտիվ չէ, որ պահանջի Սահմանադրության փոփոխություններ:
«Մեր դեպքում իշխանությունները ղեկավարում են ո՛չ տոտալիտար, ո՛չ էլ դեմոկրատական ռեժիմով, այլ՝ հիբրիդային, և ակնհայտ է, որ մենք շատ երկար մնալու ենք հիբրիդային այս վիճակում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կառուցողական առաջարկ չի անում, նա ընդամենը ժխտողական է:
«Սահմանադրական փոփոխությունների գնալիս ընդդիմադիրները հասկանալու են, որ հանրաքվեն իրենց ոչինչ չի բերելու»,- նկատեց նա:
Սահմանադրական փոփոխություններով աղանդավորական կազմակերպությունների մասին դրույթների վերաբերյալ Ա. Ադիբեկյանը նշեց, որ կրոնական ազատությունների մասով Սահմանադրությունում պետք է լինի ընդամենը մեկ կետ, այն է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնական ընտրության հարցում:
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մասին սոցիոլոգը ասաց, որ պետությունը գիտակցում է, որ նրանք մի ստվար զանգվածի են կերակրում:
«Երբ երկիրը սոցիալական բարեկեցիկ կյանք կապահովի բնակչության համար, «Եհովայի վկաներին» Հայաստանից քշելը շատ հեշտ կլինի»,- ասաց նա: