03/10/2015 15:50
Ջորկայեֆ. Հիանալի կլիներ, եթե ինչ-որ բանով կարողանայի օգնել հայկական ֆուտբոլին
Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած հայազգի Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ «Փյունիկի» մարզադաշտում տեղի ունեցավ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:
Յուրի Ջորկայեֆը խաղում էր բանկի հավաքականի կազմում և մասնակցեց երկրորդ կեսին: Լրագրողների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, իսկ թիմի մարզիչը Կարեն Գիլոյանն էր: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպումից հետո Յուրի Ջորկայեֆը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Հայկական ֆուտբոլը լավ ապագա ունի, այստեղ լավ ֆուտբոլիստներ կան, մարզումների համար էլ լավ պայմաններ առկա են: Հույս ունեմ, որն Հայաստանում աստիճանաբար ավելի մեծ թվով ֆուտբոլով զբաղվողներ կլինեն։ Սպորտը շատ կարևոր է։ Հայաստանի համար հատկապես շատ կարևոր է, երբ մարզիկը դրսում ներկայացնում է իր երկիրը։ Դա կարող է լինել մարմնամարզիկ, թեթևաթլետ կամ ֆուտբոլիստ: Կարծում եմ` Հայաստանում կան երիտասարդ տաղանդավոր մարզիկներ»,-ասաց Ջորկայեֆը:
-Կցանկանայի՞ք գլխավորել Հայաստանի հավաքականը։
-Գիտեի, որ այդ հարցը կտաք։ Դա ես չեմ որոշելու, սակայն հիանալի կլիներ, եթե ինչ-որ բանով կարողանայի օգնել հայկական ֆուտբոլին։ Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է, և ես երջանիկ կլինեի որևէ կերպ օնելու դեպքում։
-Ինչպե՞ս էր լեգենդների հետ խաղալը, օրինակ՝ Թյերի Անրիի կամ ուրիշների։
-Գիտե՞ք, ինչքան ոժեղ խաղացողներ կան քո թիմում, այնքան լավ ես խաղում։ Ես ամբողջ կյանքում մեծ ֆուտբոլիստների հետ եմ խաքղացել։
-Իսկ ո՞վ է մեծագույն ֆուտբոլիստը, ում հետ խաղացել եք։
-Բրազիլացի Ռոնալդոն։ Մինչև ծանր վնասվածքը նա լավագույնն էր աշխարհում։
-«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ Հայաստանում եմ ու հանդիպեցի ձեզ։ Ինձ դուր է գալիս, թե այստեղ մարդիկ ինչքան են սիրում ինձ, ու ինչքան ես սիրեցի նրանց ու երկիրը։ Շնորհակալ եմ նաև լրագրողներից, ովքեր ինձ հետ են և կլինեն մինչև վաղը, քանի որ վաղը մասնակցելու եմ կիսամարաթոնին։ Յուրաքանչյուր մարզաձև շատ կարևոր է Հայաստանի համար, ոչ միայն ֆուտբոլը: Ճիշտ է, ես չեմ կարողանա վազել ամբողջ վազքատարածությունը, բայց անպայման ներկա կգտնվեմ և բոլորիդ հրավիրում եմ։ Հիանալի միջոցառում է լինելու։
Եվ վերջում մի կարևոր բան էլ՝ երեխաները մեր ապագան են, և նրանց օգնելու համար արվող ցանկացած բանի ես կողմ եմ։ Մենք պետք է նրանց կողքին լինենք»,-իր խոսքը եզրափակեց Յուրի Ջորկայեֆը:
Լրագրողների հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանն էլ ասաց, որ շատ տպավորված է խաղով, քանի որ խաղադաշտում իրենց մրցակիցը կենդանի լեգենդ էր.
«Էմոցիաներս այս պահին չեմ կարող ամբողջությամբ նկարագրել: Կարող եմ ասել, որ վատ խաղ չստացվեց, եթե հաշվի առնենք, որ թիմակիցներով հիմնականում դահլիճում ենք մարզվում և խաղում, իսկ խոտի վրա փորձն ավելի քիչ է»: