03/10/2015 10:04
Դ. Բաբայան. ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթաց նոր որակ է ստանալու
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է, որ չի ուզում փակագծերը բացել, բայց ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթացը առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր որակ է ստանալու:
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանն իր քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Երեկ ԼՂՀ նախագահի խոսնակին թերթը հարցրել է, թե դա ինչպես են պատկերացնում և որ պետությունները կարող են ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Նա պատասխանել է. «Ադրբեջանը, որը փորձում է կոնկրետ պետությունների թույլ չտալ արագացնել ԼՂՀ ճանաչման գործընթացը, հիմա, փաստորեն, կորցնում է իր առանց այն էլ չեղած հեղինակությունը, որն ամբողջությամբ կախված է նավթից ու խավիարից: Նման իրավիճակում, երբ միջազգային հանրությունն էլ տեսնում է, որ ժողովրդավարական Արցախը որևէ վտանգ չի ներկայացնում իր հարևանների և միջազգային հանրության համար, քաղաքական, իրավական և բարոյական առումներով Արցախի Հանրապետության ճանաչումը դառնում է ավելի կարևոր և հրատապ: Թե որ պետություններից կարող է սկսվել ճանաչումը, ցույց կտա ժամանակը, բնական է, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք ունենք բազմաստիճան ռազմավարություն»: