03/10/2015 13:25
Լ. Շիրինյան. Ուրիշ «սապոկ» չպետք է լինի մեր սահմաններում
Հայկական բանակի պրոֆեսիոնալիզմը բարձր է և կասկած չկա բարձր չլինելու մեջ, սակայն մեր զինվորների հոգսը թեթևացնելու համար պետք է ուժեղացնել դիվանագիտությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ առաջարկելով արտգործնախարարությանն աշխատել ՊՆ-ի գործունեության կիսով չափ: Այդ դեպքում, ըստ նրա, բանակի գործը կթեթևանա.
«Բանակաշինությունը հասել է Էրզրում, դիվանագիտությունը դեռ մտածում է՝ Լենինականից դուրս գա, թե ոչ»:
Լ. Շիրինյանը համոզված է՝ Հայաստանը պետք է շարունակի դաշնակիցներ որոնելու գործընթացը: Անկասկած, մենք ինքներս մեզ պետք է պաշտպանենք, դա մեր խնդիրն է, բայց քաղաքականությունը պահանջում է հզոր դաշնակիցներ ունենալ.
«Եթե այդ դաշնակիցը մեկն է, ապա նա քեզ մատի վրա խաղացնելու է, իսկ մի քանի դաշնակիցների դեպքում այդ խնդիրը նեղանում է»:
Անդրադառնալով վերջին օրերին պարբերաբար հնչող՝ սահմանին խաղաղապահների տեղակայելու խնդրին, քաղաքագետը հայտարարեց, որ կտրականապես դեմ է դրան:
«Ուրիշ սապոկ չպետք է լինի մեր սահմաններում: Խաղաղապահներ տեղակայում են կռիվներ սարքելու համար, իսկ մենք չպիտի ՀԱՊԿ-ի կամ խաղաղապահների անվան տակ օտար ուժ տեղադրենք մեր սահմանին»,- ասաց քաղաքագետը: